30 Նոյեմբեր, Շբ
13 Ոչ ոք, երբ փորձութեան մէջ լինի, թող չասի՝ «Աստծուց եմ փորձւում», քանի որ Աստուած չարից չի փորձւում եւ ինքն էլ չի փորձում ոչ ոքի: 14 Իւրաքանչիւր ոք փորձւում է՝ հրապուրուելով եւ խաբուելով իր ցանկութիւններից: 15 Այնուհետեւ ցանկութիւնը յղանալով՝ մեղք է ծնում, եւ մեղքը հասունանալով՝ մահ է ծնում: 16 Իմ սիրելի՛ եղբայրներ, մի՛ խաբուէք, 17 քանի որ ամէն բարի շնորհ եւ ամէն կատարեալ պարգեւ վերեւից է՝ իջած լոյսի Հօրից, որի մէջ չկայ փոփոխում կամ էլ փոփոխման ստուեր: 18 Նա իր կամքով ծնեց մեզ ճշմարտութեան խօսքով, որպէսզի մենք լինենք իր ստեղծածների պտուղը: 19 Իմ սիրելի՛ եղբայրներ, իմացէ՛ք այս բանը. թող ամէն մարդ արագ լինի լսելու մէջ, ծանր՝ խօսելու մէջ եւ ծանր՝ բարկանալու մէջ. 20 որովհետեւ մարդու բարկութիւնը Աստծոյ արդարութիւնը չի կատարում: 21 Ահա թէ ինչու, դէն գցելով ամենայն աղտեղութիւն եւ չարիքի աւելցուկ, հեզութեա՛մբ ընդունեցէք ձեր մէջ սերմանուած խօսքը, որ կարող է փրկել ձեր հոգիները: 22 Խօսքը կատարո՛ղներ եղէք եւ ոչ թէ միայն այն լսողներ համարեցէք դուք ձեզ. 23 քանի որ եթէ մէկը միայն լսող լինի խօսքը եւ ոչ կատարող, նա նման է մի մարդու, որ ակնապիշ դիտում է հայելու մէջ իր բնական դէմքը: 24 Նայելով տեսնում է ինքն իրեն, անցնում գնում է եւ անմիջապէս մոռանում, թէ ինչպիսին էր ինքը: 25 Իսկ ով աչքերը յառած նայում է ազատութեան կատարեալ օրէնքին եւ դրա մէջ էլ յարատեւում, նա լսում է, չի մոռանում, այլ այն կատարում է. այդպիսի մէկը իր արածի մէջ երանութիւն կգտնի: 26 Եթէ մէկն ուզում է բարեպաշտ լինել եւ չի սանձահարում իր լեզուն, այլ զբաղեցնում է իր սիրտը, այդպիսի մէկի համար զուր է բարեպաշտութիւնը: 27 Սուրբ եւ անարատ բարեպաշտութիւնը Աստծոյ եւ Հօր առաջ այս է՝ այցելել որբերին եւ այրիներին իրենց նեղութեան մէջ, անարատ պահել իր անձը աշխարհից: