4.32 Եւ հաւատացեալների բազմութիւնը մէկ սիրտ ու մէկ հոգի էր: Եւ նրանցից ոչ ոք չէր ասում, թէ իր ինչքերը իրենն են, այլ ամէն ինչ նրանց համար ընդհանուր էր: 33 Եւ առաքեալները մեծ զօրութեամբ վկայութիւն էին տալիս Տէր Յիսուս Քրիստոսի յարութեան մասին: Ու նրանց բոլորի վրայ մեծամեծ շնորհներ կային: 34 Եւ նրանց մէջ ոչ ոք մի բանի կարօտ չէր, որովհետեւ ովքեր գիւղերի կամ ապարանքների տէր էին, վաճառում էին դրանք եւ վաճառուածի գումարը բերում 35 ու դնում էին առաքեալների ոտքերի առաջ, եւ նրանք բաշխում էին իւրաքանչիւրին, ում ինչքան պէտք էր լինում: 36 Յովսէփը, որ ղեւտացի էր՝ ծագումով կիպրացի, որը առաքեալներից Բառնաբաս կոչուեց (որ թարգմանւում է մխիթարութեան որդի), մի արտ ունէր. 37 նա վաճառեց այն եւ գումարը բերեց դրեց առաքեալների ոտքերի առաջ:
5.1 Իսկ Անանիա անունով մի մարդ, իր կնոջ՝ Սափիրայի հետ միասին, մի ագարակ վաճառեց 2 եւ նրա գումարից մի մաս կնոջ գիտութեամբ թաքցրեց եւ միւս մասը բերեց դրեց առաքեալների ոտքերի առաջ: 3 Պետրոսն ասաց. «Անանիա՛, ինչո՞ւ սատանան լցրեց քո սիրտը, որ դու ստէիր Սուրբ Հոգուն եւ ագարակի գումարից թաքցնէիր. 4 չէ՞ որ քանի կար, քոնն էր այն, եւ վաճառելիս քո տնօրինութեան տակ էր. ինչպէ՞ս եղաւ, որ քո սրտի մէջ այս բաները դրեցիր. մարդկանց չստեցիր, այլ՝ Աստծուն»: 5 Եւ Անանիան, այս խօսքերը լսելով, ընկաւ եւ շունչը փչեց. եւ մեծ վախ ընկաւ բոլոր նրանց վրայ, որ այս բանը լսեցին: 6 Երիտասարդները ոտքի ելան, պատանքեցին նրան ու տարան թաղեցին: 7 Եւ շուրջ երեք ժամ անցաւ. եւ նրա կինը, որ չգիտէր, թէ ինչ է եղել, ներս մտաւ: 8 Պետրոսը նրան դիմեց եւ ասաց. «Ասա՛ դու ինձ, ա՞յդ գնով ագարակը վաճառեցիք»: Եւ նա ասաց. «Այո՛, այդքանով»: 9 Եւ Պետրոսը նրան ասաց. «Ինչի՞ համար է, որ դուք միաբանուեցիք փորձելու համար Տիրոջ Հոգին. ահա այն մարդիկ, որ թաղեցին քո ամուսնուն, դռան մօտ են. քեզ էլ դուրս կհանեն»: 10 Եւ նա իսկոյն ընկաւ նրա ոտքերի առաջ եւ շունչը փչեց: Երիտասարդները ներս մտան եւ նրան մեռած գտան. եւ հանեցին թաղեցին իր ամուսնու մօտ: 11 Եւ մեծ վախ ընկաւ ամբողջ եկեղեցու եւ բոլոր նրանց վրայ, որ այս բանը լսեցին: