30 Նոյեմբեր, Շբ
12 Եւ առաքեալների ձեռքով բազում նշաններ ու զարմանալի գործեր էին լինում ժողովրդի մէջ. եւ բոլորը միասիրտ՝ Սողոմոնի սրահում էին: 13 Ուրիշներից ոչ ոք չէր համարձակւում մօտենալ նրանց, իսկ ժողովուրդը նրանց յարգում էր: 14 Եւ աւելի ու աւելի էին շատանում Տիրոջը հաւատացողները՝ տղամարդկանց եւ կանանց բազմութիւնը. 15 այնքան, որ հիւանդներին հանում էին հրապարակները եւ դնում պատգարակներով ու իրենց մահիճներով, որպէսզի Պետրոսի անցնելու ժամանակ գոնէ նրա ստուերը հասնի նրանցից մէկին: 16 Եւ շրջակայ քաղաքներից բազմութիւնը հաւաքւում էր Երուսաղէմում. բերում էին հիւանդների եւ պիղծ ոգիներից տանջուածների, որոնք բոլորն էլ բժշկւում էին: 17 Քահանայապետը եւ բոլոր նրանք, որ նրա հետ էին, սադուկեցիների խումբը, նախանձով լցուեցին առաքեալների դէմ. 18 եւ ելան ձեռք դրեցին առաքեալների վրայ ու նրանց հրապարակաւ բանտ դրեցին: 19 Ապա Տիրոջ հրեշտակը գիշեր ժամանակ բացեց բանտի դռները եւ նրանց դուրս հանելով՝ ասաց. 20 «Գնացէք կանգնեցէ՛ք տաճարի մէջ եւ ասացէ՛ք ժողովրդին այս կենարար պատգամը»: 21 Եւ երբ այս լսեցին, առաւօտեան մտան տաճար եւ ուսուցանում էին: Եկան քահանայապետը եւ նրանք, որ նրա հետ էին. ի մի հաւաքեցին ատեանը եւ իսրայէլացիների ամբողջ ծերակոյտը. եւ մարդ ուղարկեցին բանտ՝ առաքեալներին բերելու: 22 Երբ սպասաւորները գնացին, նրանց բանտում չգտան. վերադարձան, պատմեցին ու ասացին. 23 «Բանտը ամենայն զգուշութեամբ փակուած գտանք, իսկ պահապաններին՝ դռանը կանգնած. բացեցինք, բայց ներսում ոչ ոքի չգտանք»: 24 Երբ տաճարի իշխանաւորները եւ քահանայապետները այս խօսքերը լսեցին, զարմանում էին դրանց վրայ, թէ արդեօք այդ ինչ պէտք է եղած լինի: 25 Եւ մէկը եկաւ, նրանց պատմեց. «Ահա այն մարդիկ, որոնց դուք բանտ էիք դրել, տաճարում կանգնած՝ ժողովրդին ուսուցանում են»: 26 Այն ժամանակ իշխանաւորը, սպասաւորների հետ գնալով, նրանց բերեց առանց բռնութեան, որովհետեւ վախենում էին ժողովրդից, որ չքարկոծուեն: 27 Եւ բերելով նրանց՝ ատեանի առաջ կանգնեցրին: Քահանայապետը հարցաքննեց նրանց 28 ու ասաց. «Ձեզ խստիւ չպատուիրեցի՞նք միթէ չուսուցանել այն անունով. եւ սակայն ահա հիմա Երուսաղէմը լցրիք ձեր ուսմունքով. եւ այն մարդու արեան պատասխանատւութիւնը ուզում էք մեզ վրայ գցել»: 29 Պատասխան տուեցին Պետրոսն ու առաքեալները եւ ասացին. «Պէտք է առաւել Աստծուն հնազանդուել, քան մարդկանց: 30 Մեր հայրերի Աստուածը յարութիւն տուեց Յիսուսին, որին դուք սպանեցիք՝ խաչափայտից կախելով: 31 Աստուած նրան բարձրացրեց իր աջ ձեռքով որպէս առաջնորդ եւ փրկիչ՝ Իսրայէլին տալու համար ապաշխարութիւն եւ մեղքերի թողութիւն: 32 Այս բաների համար նրա վկաները մենք ենք եւ Սուրբ Հոգին, որը Աստուած տուեց իրեն հնազանդուողներին»: 33 Եւ երբ նրանք այս լսեցին, սաստիկ զայրացան ու խորհուրդ էին անում նրանց սպանել: