30 Նոյեմբեր, Շբ
5.34 Մի փարիսեցի, որի անունը Գամաղիէլ էր՝ օրէնսուսոյց եւ ամբողջ ժողովրդից պատւուած մարդ, ատեանի մէջ ոտքի ելաւ եւ հրամայեց, որ առաքեալներին մի փոքր ժամանակով դուրս հանեն. 35 ապա նրանց ասաց. «Ո՛վ իսրայէլացիներ, զգո՛յշ եղէք, թէ այս մարդկանց ինչ պէտք է անէք: 36 Այս օրերից առաջ մէջտեղ ելաւ Թեւդասը, որն իր մասին ասում էր, թէ ինքը երեւելի մէկն է. եւ նրան յարեցին թուով մօտ չորս հարիւր մարդիկ. նա սպանուեց, եւ բոլոր նրանք, որ նրա հետ միաբանուել էին, բաժան-բաժան եղան, ու նրանցից ոչինչ չմնաց: 37 Դրանից յետոյ, մարդահամարի օրերին, մէջտեղ ելաւ Յուդա Գալիլիացին եւ շատ ժողովուրդ ապստամբեցրեց իր յետեւից. նա էլ կորաւ. եւ բոլոր նրանք, որ նրա հետ համաձայնել էին, ցիրուցան եղան: 38 Արդ, այժմ ասում եմ ձեզ, հեռո՛ւ մնացէք այդ մարդկանցից եւ բա՛ց թողէք նրանց, որովհետեւ եթէ այդ խորհուրդը կամ այդ գործը մարդկանցից է, կքանդուի. 39 իսկ եթէ Աստծուց է, չէք կարող դրանք ձախողել. միգուցէ աստուածամարտ էլ դառնաք»: 40 Ժողովականները հաւանութիւն տուեցին նրան եւ առաքեալներին կանչելով՝ գանահարեցին նրանց ու պատուիրեցին, որ Յիսուսի անունով այլեւս չխօսեն. եւ արձակեցին նրանց: 41 Իսկ նրանք ատեանի առաջից գնացին ուրախանալով, որովհետեւ Տիրոջ անուան համար անարգանքի էին արժանացել: 42 Եւ ամէն օր տաճարում թէ տներում չէին դադարում ուսուցանել եւ աւետարանել Յիսուս Քրիստոսին:
6.1 Այն օրերին, երբ աշակերտները բազմացան, յունախօս հրեաները տրտնջացին եբրայախօս հրեաների դէմ, որովհետեւ իրենց այրիները ամէնօրեայ նպաստի բաշխման ժամանակ անտեսւում էին: 2 Տասներկուսը կանչեցին աշակերտների բազմութեանը եւ ասացին. «Մեզ հաճելի չէ թողնել Աստծոյ խօսքի քարոզութիւնը եւ սեղաններ սպասարկել: 3 Եղբայրնե՛ր, ընտրեցէ՛ք ձեր միջից բարի համբաւ ունեցող եօթ մարդու, որոնց կնշանակենք այդ ծառայութիւնների համար. 4 իսկ մենք թող աղօթքի եւ խօսքի քարոզութեանը նուիրուենք»: 5 Այս խօսքը հաճելի թուաց բոլոր հաւատացեալներին. եւ ընտրեցին Ստեփանոսին, որ հաւատով եւ Սուրբ Հոգով լցուած մի մարդ էր, եւ Փիլիպպոսին, Պրոքորոնին, Նիկանորային, Տիմոնային, Պարմենային, Նիկողայոսին, որ անտիոքցի մի նորադարձ էր. 6 նրանց կանգնեցրին առաքեալների առաջ եւ աղօթք անելով՝ նրանց վրայ ձեռք դրեցին: 7 Եւ Աստծոյ խօսքը աճում էր, ու աշակերտների թիւը Երուսաղէմում մեծապէս շատանում էր: Եւ քահանաներից շատերը հնազանդւում էին հաւատին: