30 Նոյեմբեր, Շբ
10 Բայց Տիրոջ օրը պիտի գայ ինչպէս մի գող, երբ երկինքը պիտի անցնի-չքանայ շառաչիւնով, եւ տարերքը, հրով կիզուած, պիտի լուծուի, եւ երկիրն ու ինչ գործեր որ կան նրա վրայ, յայտնի պիտի լինեն: 11 Եւ քանի որ այս ամէնը այսպէս պիտի լուծուի, ուրեմն ինչպիսի՜ մարդիկ պէտք է լինէք դուք. սուրբ վարմունքով եւ աստուածապաշտ ընթացքով՝ 12 սպասելով եւ հասնել ջանալով Տիրոջ օրուայ գալստեանը, երբ հրավառ երկինքը պիտի չքանայ, եւ տարերքը հրկիզուելով պիտի հալուի: 13 Բայց մենք, Աստծոյ խոստման համաձայն, աչքներս յառած սպասում ենք նոր երկնքի եւ նոր երկրի, որոնցում արդարութիւնն է բնակւում: 14 Ուստի, սիրելինե՛ր, սպասելով այս բաներին, ջանք թափեցէք, որ նա գտնի ձեզ անբիծ եւ անարատ, խաղաղութեան մէջ: 15 Եւ Տիրոջ համբերատարութիւնը փրկութիւն համարեցէք, ինչպէս որ մեր սիրելի եղբայր Պօղոսն էլ գրեց ձեզ՝ ըստ Աստծուց իրեն շնորհուած իմաստութեան, 16 եւ ինչպէս որ իր բոլոր թղթերում էլ խօսում է դրանց մասին. դրանց մէջ կան ինչ-ինչ դժուարիմաց բաներ, որ անուսներն ու տատանուողները ծուռ են մեկնում. նրանք այդպէս են մեկնում նաեւ բոլոր գրուածքները իրենց անձերի կորստեան համար: 17 Դուք, ուրեմն, սիրելինե՛ր, իբրեւ նախապէս տեղեակ դարձած մարդիկ, զգուշացէ՛ք, որ անառակ մոլորութեամբ տարուած՝ չկորցնէք ձեր վստահութիւնը: 18 Աճեցէ՛ք մեր Տիրոջ եւ Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի շնորհով եւ գիտութեամբ: Նրան փա՜ռք թէ՛ այժմ եւ թէ՛ մինչեւ յաւիտենութեան օրը: Ամէն: