30 Նոյեմբեր, Շբ
36 Այն ժամանակ Յիսուս, արձակելով ժողովրդին, տուն եկաւ. աշակերտները մօտեցան նրան ու ասացին. «Մեկնի՛ր մեզ համար արտի որոմների առակը»: 37 Նա պատասխանեց եւ ասաց. «Այն, որ սերմանում է բարի սերմը, մարդու Որդին է, 38 իսկ արտը այս աշխարհն է. բարի սերմը նրանք են, որ արքայութեան որդիներն են, իսկ որոմը չարի որդիներն են. 39 եւ թշնամին, որ այն ցանեց, սատանան է. իսկ հունձը այս աշխարհի վախճանն է, եւ հնձողները հրեշտակներն են: 40 Ինչպէս որոմը հաւաքւում է եւ կրակի մէջ այրւում, այնպէս կլինի այս աշխարհի վախճանին: 41 Մարդու Որդին կուղարկի իր հրեշտակներին, եւ նրանք կհաւաքեն նրա արքայութիւնից բոլոր գայթակղութիւնները եւ նրանց, որոնք անօրինութիւն են գործում: 42 Եւ կգցեն նրանց բոցավառ հնոցի մէջ. այնտեղ կլինի լաց եւ ատամների կրճտում: 43 Այն ժամանակ արդարները երկնքի արքայութեան մէջ կծագեն, ինչպէս արեգակը: Ով լսելու ականջ ունի, թող լսի: 44 Դարձեալ՝ երկնքի արքայութիւնը նման է արտի մէջ թաքցուած գանձի, որ մի մարդ գտնելով՝ նորից թաքցնում է. եւ ուրախութիւնից գնում վաճառում է իր ամբողջ ունեցածը եւ այդ արտը գնում է: 45 Դարձեալ՝ երկնքի արքայութիւնը նման է մի վաճառականի, որ գեղեցիկ մարգարիտներ էր որոնում. 46 եւ գտնելով մի թանկարժէք մարգարիտ՝ գնաց վաճառեց իր ամբողջ ունեցածը եւ այդ մարգարիտը գնեց: 47 Դարձեալ՝ երկնքի արքայութիւնը նման է ծով նետուած ուռկանի, որ ամէն տեսակ բան է հաւաքել. 48 երբ լցուել էր, այն, ցամաք հանելով եւ նստելով, լաւերը մի առ մի հաւաքեցին ամանների մէջ, իսկ անպէտքը դուրս գցեցին: 49 Այնպէս էլ կլինի այս աշխարհի վախճանին: Հրեշտակները կելնեն եւ չարերին արդարների միջից կբաժանեն 50 ու կգցեն նրանց բոցավառ հնոցի մէջ. այնտեղ կլինի լաց եւ ատամների կրճտում»: 51 Յիսուս իր աշակերտներին ասաց. «Այս բոլորը իմացա՞ք»: Նրան ասացին՝ այո՛, Տէ՛ր: 52 Եւ Յիսուս նրանց ասաց. «Դրա համար երկնքի արքայութեանն աշակերտած ամէն օրէնսգէտ նման է տանուտէր մարդու, որ իր գանձից հանում է նորը եւ հինը»: