3 Դեկտեմբեր, Գշ
14 Եւ Յիսուս մի համր դեւ էր հանում. եւ երբ դեւը ելաւ, համրը խօսեց. եւ ամբողջ ժողովուրդը զարմացաւ: 15 Եւ նրանցից ոմանք ասացին. «Նա դեւերին հանում է դեւերի իշխան Բէեղզեբուղի միջոցով»: 16 Իսկ ուրիշներ փորձում էին նրան եւ երկնքից նշան էին ուզում նրանից: 17 Իսկ նա, իմանալով նրանց մտածումները, ասաց նրանց. «Ինքն իր մէջ բաժանուած ամէն թագաւորութիւն աւերւում է, եւ ինքն իր մէջ բաժանուած ամէն տուն՝ կործանւում: 18 Արդ, եթէ սատանան էլ ինքն իր մէջ բաժանուեց, նրա թագաւորութիւնը ինչպէ՞ս կարող է կանգուն մնալ. որովհետեւ իմ մասին ասում էք, թէ՝ “Նա դեւերին հանում է դեւերի իշխան Բէեղզեբուղի միջոցով”: 19 Եթէ ես դեւերին հանում եմ Բէեղզեբուղի միջոցով, ձեր հետեւորդնե՞րն ինչով պիտի հանեն. դրա համար նրանք պիտի լինեն ձեր դատաւորները: 20 Իսկ եթէ Աստծոյ մատով եմ հանում դեւերին, ապա Աստծոյ արքայութիւնը հասել է ձեզ վրայ: 21 Երբ որ զինուած հզօր մի մարդ պահպանում է իր տունը, նրա ինչքը ապահով է: 22 Բայց եթէ նրանից աւելի հզօրը գայ նրա վրայ եւ յաղթի նրան, նրանից կհանի այն զէնքերը, որոնց վրայ յոյս էր դրել, եւ նրա աւարը կբաժանի: 23 Ով ինձ հետ չէ, հակառակ է ինձ, եւ ով ինձ հետ չի հաւաքում, ցրում է: 24 Երբ պիղծ դեւը ելնում է մարդուց, շրջում է անջրդի տեղերում, հանգիստ է փնտրում. եւ երբ չի գտնում, ասում է. “Վերադառնամ իմ տունը, որտեղից ելայ”: 25 Եւ գալիս է ու գտնում այն մաքրուած եւ կարգի բերուած: 26 Այն ժամանակ գնում եւ վերցնում է իրենից աւելի չար եօթ այլ դեւեր եւ մտնում բնակւում է այնտեղ. եւ այն մարդու վերջին վիճակը լինում է աւելի վատ, քան նախկինը»: 27 Եւ մինչդեռ Յիսուս այս բանն էր խօսում, ժողովրդի միջից մի կին ձայն բարձրացրեց եւ ասաց. «Երանի՜ է այն կնոջը, որ յղացաւ եւ սնեց քեզ»: 28 Եւ նա ասաց. «Մանաւանդ երանի՜ է նրանց, որ լսում են Աստծոյ խօսքը եւ կպահեն»: 29 Եւ երբ ժողովուրդը նրա շուրջը խռնուեց, սկսեց ասել. «Այս սերունդը չար սերունդ է. նշան է ուզում, եւ նրան երկնքից այլ նշան չի տրուի, բացի Յովնանի նշանից. 30 որովհետեւ ինչպէս Յովնանը նշան եղաւ նինուէացիների համար, նոյնպէս մարդու Որդին նշան կլինի այս սերնդի համար: 31 Հարաւի դշխոն դատաստանի ժամանակ վեր պիտի կենայ այս սերնդի մարդկանց հետ եւ պիտի դատապարտի նրանց, որովհետեւ նա երկրի ծագերից եկաւ՝ լսելու Սողոմոնի իմաստութիւնը. եւ ահա Սողոմոնից մեծը կայ այստեղ: 32 Նինուէի մարդիկ դատաստանի ժամանակ վեր պիտի կենան այս սերնդի հետ եւ պիտի դատապարտեն նրան, որովհետեւ Յովնանի քարոզութեան վրայ ապաշխարեցին. եւ ահա Յովնանից մեծը կայ այստեղ: