30 Նոյեմբեր, Շբ
1 Եւ նրա մօտ հաւաքուեցին փարիսեցիներն ու օրէնսգէտներից ոմանք, որոնք եկել էին Երուսաղէմից: 2 Նրանք, տեսնելով, որ նրա աշակերտներից ոմանք անմաքուր ձեռքերով, այսինքն՝ անլուայ հաց էին ուտում, բամբասեցին, 3 որովհետեւ փարիսեցիները եւ բոլոր հրեաները, եթէ ձեռքները մի լաւ չլուանան, հաց չեն ուտում, քանի որ հների աւանդութիւնը պահում են: 4 Նաեւ, շուկայից տուն մտնելով, եթէ նախ չլուացուեն, չեն ուտում: Եւ ուրիշ շատ բաներ էլ կան, որ աւանդաբար պահում են. ինչպէս՝ բաժակների, սափորների, պղնձէ ամանների ու մահիճների լուացումները: 5 Ահա ինչու փարիսեցիները եւ օրէնսգէտները հարց տուեցին նրան. «Ինչո՞ւ քո աշակերտները նախնիների աւանդութեան համաձայն չեն շարժւում, այլ անմաքուր ձեռքերով են հաց ուտում»: 6 Նա պատասխանեց եւ ասաց նրանց. «Եսային լաւ մարգարէացաւ ձեր՝ կեղծաւորներիդ մասին՝ ասելով. “Այս ժողովուրդը ինձ շրթներով է մեծարում, բայց նրանց սրտերը ինձնից հեռու են. 7 զուր են ինձ պաշտում. ուսուցանում են վարդապետութիւններ, որ մարդկանց պատուիրածներն են”: 8 Աստծոյ պատուիրանը թողած՝ մարդկանց աւանդութիւնն էք պահում»: 9 Ապա աւելացրեց. «Աստծոյ պատուիրանը լաւ էք անարգում, որպէսզի ձեր աւանդութիւնը հաստատէք. 10 որովհետեւ Մովսէսն ասում է. “Պատուի՛ր քո հօրն ու մօրը. եւ ով որ չարախօսի իր հօր կամ մօր մասին, մահուամբ թող պատժուի”: 11 Իսկ դուք ասում էք. “Եթէ մէկը հօրը կամ մօրն ասի՝ ինչ ինձնից պիտի օգտուես, կորբան է” (այսինքն՝ Աստծուն տալու ընծայ), 12 դրանով իսկ այլեւս թոյլ չէք տալիս, որ նա իր հօր կամ մօր համար որեւէ բան անի, 13 եւ այդպէս անարգում էք Աստծոյ խօսքը նոյն աւանդութեամբ, որ դուք փոխանցում էք միմեանց: Եւ սրա նման ուրիշ շատ բաներ էք անում»: 14 Եւ նա, ամբողջ ժողովրդին իր մօտ կանչելով, ասաց նրանց. «Ամէնքդ ինձ լսեցէ՛ք եւ իմացէ՛ք. 15 չկայ որեւէ բան, որ մարդու մէջ դրսից մտնելով՝ կարողանայ նրան պղծել. այլ այն, ինչ ելնում է նրանից, այն է, որ պղծում է մարդուն: 16 Ով ականջներ ունի լսելու, թող լսի»: