30 Նոյեմբեր, Շբ
22 Եւ Յիսուս շրջում էր քաղաքներով ու գիւղերով եւ ուսուցանում էր: Երբ ճանապարհ էր ընկել դէպի Երուսաղէմ, 23 մէկը նրան ասաց. «Տէ՛ր, սակաւաթի՞ւ են նրանք, որ փրկուելու են»: 24 Եւ նա նրանց ասաց. «Ջանացէ՛ք մտնել նեղ դռնով. ասում եմ ձեզ, որ շատերը կուզենան մտնել, բայց չեն կարողանայ: 25 Այն բանից յետոյ, երբ տանտէրը մտնի եւ դուռը փակի, դուք, դրսում կանգնած, կսկսէք դուռը բախել եւ ասել. “Տէ՛ր, տէ՛ր, բա՛ց մեզ համար”. իսկ նա պատասխանելով կասի ձեզ. “Չգիտեմ, թէ որտեղից էք”: 26 Այն ժամանակ կսկսէք ասել. “Մենք քո առաջ կերանք ու խմեցինք, եւ դու հրապարակներում ուսուցանեցիր”: 27 Եւ տանտէրը կասի. “Ասում եմ՝ ձեզ չգիտեմ, թէ որտեղից էք. հեռացէ՛ք ինձնից, դո՛ւք՝ բոլոր անիրաւ մշակներդ”: 28 Այնտեղ կլինի լաց եւ ատամների կրճտում, երբ տեսնէք Աբրահամին, Իսահակին, Յակոբին եւ բոլոր մարգարէներին Աստծոյ արքայութեան մէջ, իսկ ձեզ՝ դուրս հանուած: 29 Եւ կգան մարդիկ արեւելքից եւ արեւմուտքից, հիւսիսից ու հարաւից եւ կբազմեն Աստծոյ արքայութեան մէջ: 30 Եւ ահա վերջիններ կան, որ առաջին կլինեն, եւ առաջիններ, որ կլինեն վերջին»: 31 Նոյն օրը մի քանի փարիսեցիներ մօտեցան ու ասացին նրան. «Վեր կաց գնա՛ այստեղից, որովհետեւ Հերովդէսն ուզում է քեզ սպանել»: 32 Եւ Յիսուս նրանց ասաց. «Գնացէք ասացէ՛ք այն աղուէսին, թէ ահա դեւեր եմ հանում, բուժումներ եմ կատարում այսօր եւ վաղը, իսկ երրորդ օրը գործս կաւարտեմ: 33 Բայց պէտք է այսօր, վաղը եւ միւս օրը գնալ. որովհետեւ մարգարէն պէտք չէ, որ Երուսաղէմից դուրս կորստեան մատնուի: 34 Երուսաղէ՜մ, Երուսաղէ՜մ, որ կոտորում էիր մարգարէներին եւ քարկոծում էիր քեզ մօտ ուղարկուածներին. քանի՜-քանի անգամ կամեցայ հաւաքել քո որդիներին, ինչպէս հաւը իր ձագերին՝ թեւերի տակ, բայց դու չկամեցար: 35 Ահա ձեր տունը ձեզ պիտի թողնուի աւերակ. բայց ասում եմ ձեզ, որ ինձ այլեւս չէք տեսնի, մինչեւ որ չասէք. “Օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով”»: