30 Նոյեմբեր, Շբ
2.28 որպէսզի երբ նա յայտնուի, վստահութիւն ունենանք եւ նրա գալստեան ժամանակ նրանից չամաչենք. 29 քանի որ դուք գիտէք, որ նա արդար է, ապա իմացէ՛ք, որ ամէն ոք, ով արդարութիւն է անում, նրանից է ծնուած:
3.1 Տեսէ՛ք, ինչպիսի սէր շնորհեց մեզ Հայրը, որպէսզի մենք կոչուենք Աստծոյ որդիներ. աշխարհը մեզ չի ճանաչում նրա համար, որ նրան էլ չճանաչեց: 2 Սիրելինե՛ր, այժմ Աստծոյ որդիներ ենք. եւ դեռ յայտնի էլ չէ, թէ ինչ ենք լինելու: Գիտենք, որ երբ նա յայտնուի, լինելու ենք նրա նման, քանի որ նրան տեսնելու ենք այնպէս, ինչպէս նա կայ: 3 Եւ ամէն ոք, որ այս յոյսն ունի իր մէջ, մաքրում է ինքն իրեն, ինչպէս որ նա է մաքուր: 4 Ամէն ոք, ով մեղք է գործում, նաեւ անօրինութիւն է անում. եւ մեղքը ինքնին անօրինութիւն է: 5 Եւ գիտենք, որ նա այն պատճառով յայտնուեց, որպէսզի վերացնի մեղքերը. բայց նրա մէջ մեղք չկայ: 6 Ամէն ոք, ով բնակւում է նրա մէջ, չի մեղանչում. եւ ամէն ոք, ով մեղանչում է, ո՛չ տեսել է նրան եւ ո՛չ էլ ճանաչել: