12 Հոկտեմբեր, Շբ
11.55 Եւ հրեաների Զատիկը մօտ էր. եւ այդ գաւառից շատերը Երուսաղէմ բարձրացան Զատկից առաջ, որպէսզի իրենք իրենց մաքրեն: 56 Յիսուսին փնտրում էին. եւ մինչ տաճարի մէջ էին, միմեանց ասում էին. «Ինչպէ՞ս է ձեզ թւում, արդեօք այս տօնին չի՞ գայ»: Քահանայապետներն ու փարիսեցիները հրահանգել էին, որ եթէ մէկն իմանայ, թէ նա որտեղ է, յայտնի, որպէսզի նրան ձերբակալեն:
12.1 Իսկ Յիսուս Զատկից վեց օր առաջ եկաւ Բեթանիա, ուր ապրում էր մեռած Ղազարոսը, որին մեռելներից յարութիւն էր տուել: 2 Եւ այնտեղ նրան ընթրիք տուեցին. սպասարկում էր Մարթան, իսկ Ղազարոսը նրա հետ սեղան նստածներից մէկն էր: 3 Իսկ Մարիամը, մի լիտր ազնիւ նարդոսի թանկարժէք իւղ վերցնելով, օծեց Յիսուսի ոտքերը. եւ իր մազերով էլ սրբում էր նրա ոտքերը. եւ տունը լցուեց իւղի բուրմունքով: 4 Աշակերտներից մէկը՝ Յուդա Իսկարիովտացին, որ մատնելու էր նրան, ասաց. 5 «Ինչո՞ւ այդ իւղը չվաճառուեց երեք հարիւր արծաթ դահեկանով եւ չտրուեց աղքատներին»: 6 Նա այս ասաց ոչ թէ նրա համար, որ աղքատների համար էր հոգում, այլ որովհետեւ գող էր եւ գանձարկղը ինքն էր պահում, եւ ինչ որ այնտեղ դրւում էր, ինքն էր վերցնում: 7 Յիսուս ասաց նրան. «Թո՛յլ տուէք նրան, որպէսզի իմ թաղման օրուայ համար պահի այդ: 8 Աղքատներին ամէն ժամ ձեզ հետ ունէք: Ինձ միշտ ձեզ հետ չունէք»: 9 Երբ հրեաներից բազում ժողովուրդ իմացաւ, որ նա այնտեղ է, եկաւ ոչ միայն Յիսուսի պատճառով, այլեւ՝ որպէսզի տեսնի նաեւ Ղազարոսին, որին մեռելներից յարութիւն էր տուել: 10 Քահանայապետները խորհուրդ արեցին, որ Ղազարոսին էլ սպանեն, 11 քանի որ շատերը հեռանում էին հրեաներից եւ հաւատում էին Յիսուսին: