12 Հոկտեմբեր, Շբ
18.35 Եւ երբ նա մօտենում էր Երիքովին, ճանապարհի վրայ նստել էր մի կոյր մուրացկան: 36 Երբ սա լսեց, որ ժողովուրդն անցնում է, հարցրեց, թէ այդ ինչ է: 37 Եւ նրան պատմեցին, որ անցնում է Յիսուս Նազովրեցին: 38 Նա աղաղակեց ու ասաց. «Յիսո՛ւս, Դաւթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ»: 39 Եւ առջեւից գնացողները սաստեցին նրան, որ լռի: Իսկ նա առաւել եւս աղաղակում էր. «Դաւթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ»: 40 Յիսուս տեղում կանգնեց եւ հրամայեց իր մօտ բերել նրան. եւ երբ կոյրը մօտեցաւ, նրան հարցրեց եւ ասաց. 41 «Ի՞նչ ես կամենում դու, որ ես քեզ համար անեմ»: Եւ նա ասաց. «Որ բացուեն աչքերս, եւ տեսնեմ, Տէ՛ր»: 42 Եւ Յիսուս նրան ասաց. «Նայի՛ր, քո հաւատը քեզ փրկեց»: 43 Եւ իսկոյն կոյրը տեսաւ. գնում էր Յիսուսի յետեւից եւ փառք էր տալիս Աստծուն: Եւ ամբողջ ժողովուրդը, տեսնելով այս, Աստծուն գոհութիւն էր տալիս:
19.1 Եւ Յիսուս մտել էր Երիքով ու շրջում էր: 2 Եւ ահա մի մարդ՝ Զակքէոս անունով, որ մաքսապետ էր ու մեծահարուստ, 3 ուզում էր տեսնել, թէ ով է Յիսուս, բայց բազմութեան պատճառով չէր կարողանում, որովհետեւ կարճահասակ էր: 4 Եւ առաջ վազելով՝ բարձրացաւ ժանտաթզենու վրայ, որպէսզի տեսնի նրան, որովհետեւ նա հէնց այդտեղով էր անցնելու: 5 Երբ այդ տեղը եկաւ, Յիսուս վեր նայեց եւ ասաց. «Զակքէո՛ս, շտապիր իջի՛ր այդտեղից, որովհետեւ այսօր պէտք է, որ ես քո տանը գիշերեմ»: 6 Զակքէոսը շտապեց իջաւ եւ նրան ընդունեց ուրախութեամբ: 7 Երբ ամէնքը այս տեսան, տրտնջում էին ու ասում, թէ մեղաւոր մարդու մօտ մտաւ գիշերելու: 8 Իսկ Զակքէոսը եկաւ կանգնեց եւ ասաց Տիրոջը. «Տէ՛ր, ահա իմ ինչքերի կէսը կտամ աղքատներին եւ, եթէ որեւէ մէկին զրկել եմ, քառապատիկ կհատուցեմ»: 9 Եւ Յիսուս նրան ասաց. «Այսօր այս տան համար փրկութիւն եղաւ, քանի որ սա եւս Աբրահամի որդի է, 10 որովհետեւ մարդու Որդին եկաւ փնտրելու եւ փրկելու կորածին»: 11 Եւ մինչ նրանք լսում էին այս, Յիսուս մի առակ էլ աւելացրեց նրա համար, որ ինքը մօտենում էր Երուսաղէմին, եւ նրանք կարծում էին, թէ Աստծոյ արքայութիւնը շուտով յայտնուելու է: 12 Նա ասաց. «Մի ազնուական մարդ գնաց հեռու աշխարհ իր թագաւորութիւնը ստանալու եւ վերադառնալու համար: 13 Եւ կանչելով իր ծառաներին՝ նրանց տասը մնաս տուեց ու ասաց. “Շահարկեցէ՛ք դրանք, մինչեւ որ գամ”: 14 Բայց նրա համաքաղաքացիները ատում էին նրան. պատգամաւորներ ուղարկեցին նրա յետեւից եւ ասացին. “Մենք չենք կամենում, որ նա մեզ վրայ թագաւորի”: 15 Եւ ազնուականը վերադարձաւ՝ իր թագաւորութիւնը ստացած, եւ կանչեց այն ծառաներին, որոնց տուել էր դրամը, որպէսզի իմանայ, թէ ով ինչ է շահել: 16 Եկաւ առաջինը եւ ասաց. “Տէ՛ր, քո մէկ մնասը տասը մնաս բերեց”: 17 Եւ տէրը նրան ասաց. “Ազնիւ եւ բարի՛ ծառայ, քանի որ այդ փոքր բանի մէջ հաւատարիմ եղար, իշխանութիւն ունեցիր տասը քաղաքների վրայ”: 18 Եկաւ երկրորդը եւ ասաց. “Քո մէկ մնասը հինգ մնաս բերեց”: 19 Տէրը նրան ասաց. “Դու էլ՝ հինգ քաղաքների վրայ”: 20 Միւսն էլ եկաւ ու ասաց. “Տէ՛ր, ահա՛ քո մնասը, որ թաշկինակի մէջ ծրարած պահում էի. 21 վախենում էի քեզնից, որովհետեւ խիստ մարդ ես. վերցնում ես, ինչ որ չես դրել, եւ հնձում ես, ինչ որ չես սերմանել”: 22 Եւ տէրը նրան ասաց. “Հէնց քո բերանով քեզ պիտի դատեմ, անհաւատարի՛մ ծառայ. գիտէիր, որ ես մի խիստ մարդ եմ, վերցնում եմ, ինչ որ չեմ դրել, եւ հնձում եմ, ուր չեմ սերմանել: 23 Հապա ինչո՞ւ իմ դրամը լումայափոխներին չտուեցիր, որպէսզի ես գալով՝ տոկոսներով հանդերձ պահանջէի այն”: 24 Եւ սպասաւորներին ասաց. “Վերցրէ՛ք դրանից մէկ մնասը եւ տարէք տուէք նրան, ով տասը մնաս ունի”: 25 Եւ ծառաներն ասացին նրան. “Տէ՛ր, արդէն նա տասը մնաս ունի”: 26 “Ասում եմ ձեզ, թէ ով որ ունի, նրան պիտի տրուի, իսկ նրանից, որ չունի, պիտի վերցուի եւ այն, ինչ որ ունի: 27 Բայց իմ այն թշնամիներին, որոնք չէին կամենում, որ ես թագաւորեմ իրենց վրայ, բերէ՛ք այստեղ եւ սպանեցէ՛ք իմ առաջ”»: 28 Եւ երբ այս ասաց, առաջ գնաց Երուսաղէմ ելնելու համար: