30 Նոյեմբեր, Շբ
1 Եւ այն օրերից մէկում, մինչ տաճարում ուսուցանում էր ժողովրդին եւ աւետարանում, վրայ հասան քահանայապետներն ու օրէնսգէտները՝ ծերերով հանդերձ, 2 եւ ասացին նրան. «Ասա՛ մեզ. ի՞նչ իշխանութեամբ ես դու անում այդ, կամ ո՞վ է, որ քեզ տուեց այդ իշխանութիւնը»: 3 Յիսուս պատասխան տուեց նրանց եւ ասաց. «Ես էլ ձեզ մի բան հարցնեմ, եւ դուք ինձ ասացէ՛ք. 4 Յովհաննէսի մկրտութիւնը երկնքի՞ց էր, թէ՞ մարդկանցից»: 5 Եւ նրանք իրենց մտքում խորհեցին ու ասացին. 6 «Եթէ ասենք՝ երկնքից էր, կասի. “Իսկ ինչո՞ւ չհաւատացիք նրան”. եւ եթէ ասենք՝ մարդկանցից, ամբողջ ժողովուրդը մեզ կքարկոծի, որովհետեւ իրենց մտքում Յովհաննէսի մասին հաստատ համոզում կայ, թէ նա մարգարէ է»: 7 Եւ պատասխան տուեցին, թէ չգիտեն որտեղից է: 8 Եւ Յիսուս նրանց ասաց. «Ես էլ ձեզ չեմ ասի, թէ ինչ իշխանութեամբ եմ անում այս»: