30 Նոյեմբեր, Շբ
1 Երէցիցս՝ ընտրեալ Տիրուհուն եւ նրա որդիներին, նրան, որին ես սիրում եմ ճշմարտութեամբ. եւ ոչ թէ՝ միայն ես, այլ նաեւ բոլոր նրանք, որոնք գիտակ են ճշմարտութեանը, 2 որովհետեւ այն ճշմարտութիւնը, որ հաստատուած է մեր մէջ, ձեզ հետ էլ է. եւ դուք յաւիտենապէս մեզ հետ էք: 3 Հայր Աստծուց եւ Տէր Յիսուս Քրիստոսից՝ Հօր Որդուց՝ շնո՜րհ, ողորմութի՜ւն, խաղաղութի՜ւն ձեզ ճշմարտութեամբ եւ սիրով: 4 Չափազանց ուրախ եղայ, որ գտայ քո որդիներից ոմանց, որոնք ընթանում են ճշմարտութեամբ՝ ըստ այն պատուիրանի, որը ստացանք Հօրից: 5 Եւ այժմ աղաչում եմ քեզ, ո՛վ Տիկին, որ սիրենք միմեանց. ոչ թէ մի նոր պատուիրան եմ գրում քեզ, այլ այն, ինչ որ ի սկզբանէ ունէինք: 6 Եւ այս է սէրը. որ ընթանանք ըստ նրա պատուիրանների: Եւ այս է պատուիրանը, որ ի սկզբանէ լսեցիք, որպէսզի ըստ այնմ էլ ընթանաք: 7 Բազում մոլորեցնողներ են երեւան եկել աշխարհում. ով որ չի խոստովանում Յիսուս Քրիստոսին՝ մարմնով եկած, նա մոլորեցնող է եւ Նեռ: 8 Զգո՛յշ եղէք ինքներդ ձեր հանդէպ, որպէսզի չկորցնէք, ինչ որ վաստակեցիք, այլ ստանաք բովանդակ վարձը: 9 Ամէն ոք, ով առաջ է անցնում եւ չի մնում Քրիստոսի վարդապետութեան մէջ, չի ճանաչում Աստծուն: Ով մնում է վարդապետութեան մէջ, նա ընդունում է ե՛ւ Որդուն, ե՛ւ Հօրը: 10 Եթէ մէկը գայ ձեզ մօտ եւ այս վարդապետութիւնը չունենայ, նրան տուն մի՛ ընդունէք եւ նրան մի՛ ողջունէք: 11 Ով այդպիսի մէկին ասի՝ ողջո՜յն, մասնակից կլինի նրա չար գործերին: 12 Շատ բան ունէի ձեզ գրելու, բայց չուզեցի գրել թղթով եւ թանաքով, քանի որ յոյս ունեմ անձամբ գալ ձեզ մօտ եւ դէմ առ դէմ խօսել, որպէսզի մեր ուրախութիւնը կատարեալ լինի: 13 Քեզ ողջունում են քո ընտրեալ քրոջ որդիները: Շնո՜րհ ընդ ձեզ: