3 Դեկտեմբեր, Գշ
34 Սթափուեցէ՛ք արդար մարդկանց նման եւ մեղք մի՛ գործէք. որովհետեւ ոմանք չունեն Աստծոյ ճանաչումը: Յամօթ ձեզ եմ ասում այս: 35 Բայց մէկը կասի՝ ինչպէ՞ս են յարութիւն առնում մեռելները. կամ՝ ի՞նչ մարմնով պիտի գան: 36 Անմի՛տ, ինչ որ դու սերմանում ես, չի կենդանանայ, եթէ չմեռնի: 37 Եւ ինչ որ սերմանում ես, սերմանուածը այն նոյն մարմինը չէ, որ ծնուելու է, այլ՝ մի մերկ հատիկ՝ լինի ցորենի թէ այլ սերմերի: 38 Եւ Աստուած նրան մարմին է տալիս, ինչպէս որ կամենում է. եւ սերմերից իւրաքանչիւրին՝ իր մարմինը: 39 Ամէն մարմին նոյն մարմինը չէ. այլ է մարմինը մարդկանց եւ այլ է մարմինը անասունների, այլ է մարմինը թռչունների եւ այլ է մարմինը ձկների: 40 Կան նաեւ երկնաւոր մարմիններ եւ երկրաւոր մարմիններ. բայց այլ է փառքը երկնաւորների եւ այլ է փառքը երկրաւորների, 41 այլ է փառքը արեգակի, այլ է փառքը լուսնի եւ այլ է փառքը աստղերի. եւ մի աստղ փառքով առաւել է, քան մի ուրիշ աստղ: 42 Այսպէս է նաեւ մեռելների յարութիւնը. սերմանւում է ապականութեամբ եւ յարութիւն է առնում առանց ապականութեան. 43 սերմանւում է անարգութեամբ եւ յարութիւն է առնում փառքով. սերմանւում է տկարութեամբ եւ յարութիւն է առնում զօրութեամբ. 44 սերմանւում է շնչաւոր մարմին եւ յարութիւն է առնում հոգեւոր մարմին. եթէ կայ շնչաւոր մարմին, կայ եւ հոգեւորը: 45 Այսպէս էլ գրուած է. «Առաջին մարդը՝ Ադամը, եղաւ կենդանի շունչ. վերջին Ադամը՝ կենդանարար հոգի»: 46 Բայց ոչ՝ նախ հոգեւորը, այլ՝ շնչաւորը եւ ապա՛ հոգեւորը: 47 Առաջին մարդը՝ երկրից՝ հողեղէն, իսկ երկրորդ մարդը՝ Տէրը՝ երկնքից: 48 Ինչպէս հողեղէնն է, նոյնպէս եւ հողեղէններն են, եւ ինչպէս երկնաւորը, նոյնպէս եւ՝ երկնաւորները: 49 Եւ ինչպէս որ կրեցինք հողեղէնի պատկերը, նոյնպէս եւ պիտի կրենք երկնաւորի պատկերը: