Բ Թեսաղոնիկեցիներ 3.1-18

1 Վերջապէս, եղբայրնե՛ր, աղօթեցէ՛ք մեզ համար, որպէսզի Տիրոջ խօսքը առաջ գնայ եւ փառաւորուի ամէն տեղ, ինչպէս որ ձեզ մօտ է, 2 որպէսզի փրկուենք անօրէններից եւ անզգամ մարդկանցից, քանի որ բոլորը չէ, որ հաւատ ունեն: 3 Բայց հաւատարիմ է Տէրը. նա կզօրացնի ձեզ ու կպահի չարից: 4 Վստահ ենք Տիրոջով ձեզ վրայ, թէ ինչ որ պատուիրեցինք ձեզ, ե՛ւ անում էք, ե՛ւ կանէք: 5 Եւ Տէրը թող ուղղի ձեր սրտերը դէպի Աստծոյ սէրը եւ դէպի Քրիստոսի համբերութիւնը: 6 Եղբայրնե՛ր, պատուիրում եմ ձեզ մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունով, որ դուք հեռու մնաք ամէն մի եղբօրից, որ ծոյլ կեանքով է ապրում եւ ոչ՝ ըստ այն օրինակի, որն ընդունեցիք մեզնից. 7 որովհետեւ ինքներդ գիտէք, թէ որչափ դուք պէտք է նմանուէք մեզ, քանի որ ձեզ մօտ երբեք չծուլացանք 8 եւ ոչ ոքի հացը ձրի չկերանք, այլ ջանքով եւ վաստակով զօր ու գիշեր աշխատում էինք ձեզնից ոչ մէկի վրայ ծանրութիւն չլինելու համար. 9 ոչ թէ՝ նրա համար, որ իշխանութիւն չունէինք, այլ որպէսզի մենք մեզ օրինակ դարձնենք ձեզ, որ մեզ նմանուէք. 10 քանի դեռ ձեզ մօտ էինք, այս բանն էինք պատուիրում ձեզ, թէ՝ ով չի ուզում աշխատել, թող հաց էլ չուտի: 11 Արդ, ձեզնից ոմանց մասին լսում ենք, թէ ծոյլ կեանքով են ապրում, որեւէ գործ չեն անում, այլ ծոյլ-ծոյլ շրջում են՝ դատարկ բաներով հետաքրքրուելով: 12 Այդպիսիներին պատուիրում ենք եւ յորդորում Տէր Յիսուս Քրիստոսով, որ աշխատեն հանդարտութեամբ եւ իրենց հացն ուտեն: 13 Իսկ դուք, եղբայրնե՛ր, մի՛ յոգնէք բարիք անելուց: 14 Իսկ եթէ որեւէ մէկը չհնազանդուի այս թղթի մէջ մեր ասած խօսքին, նկատի՛ ունեցէք նրան եւ մի՛ առնչուէք նրա հետ, որպէսզի ամօթով մնայ: 15 Բայց նրան որպէս թշնամի մի՛ համարէք, այլ խրատեցէ՛ք որպէս եղբօր: 16 Եւ խաղաղութեան Տէրն ինքը թող միշտ խաղաղութիւն տայ ձեզ ամէն ինչում: Տէրը ձեզ բոլորիդ հետ լինի: 17 Այս ողջոյնը իմ՝ Պօղոսիս ձեռքով է, որ որպէս նշան կայ իմ բոլոր թղթերում. այսպէս եմ գրում ես: 18 Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհը ձեզ բոլորիդ հետ լինի:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․