51.15 Ես եմ քո Տէր Աստուածը, որ ալեկոծում եմ ծովը եւ նրա ալիքներին ստիպում մռնչալ. Զօրութիւնների Տէր է իմ անունը: 16 Իմ խօսքերը քո բերանը դրեցի եւ իմ ձեռքի հովանու տակ առայ քեզ, որպէսզի երկինքը կանգնեցնեմ, երկրի հիմքերը հաստատեմ եւ ասեմ Սիոնին. “Դու իմ ժողովուրդն ես”: 17 Զարթնի՛ր, զարթնի՛ր, ել կանգնի՛ր, Երուսաղէ՛մ, դու, որ Տիրոջ ձեռքից խմեցիր նրա բարկութեան բաժակը, կործանման բաժակը, ցասման բաժակը, որ խմեցիր ու դատարկեցիր: 18 Եւ քո բոլոր որդիների մէջ, որոնց դու ծնեցիր, մէկը չեղաւ, որ մխիթարէր քեզ. քո բոլոր որդիների մէջ, որոնց դու մեծացրիր, մէկը չեղաւ, որ զօրավիգ դառնար քեզ: 19 Երկու բան կայ քեզ հակառակ. եւ ո՞վ է, որ ցաւակից է լինելու քեզ. կործանում եւ կոտորած, սով եւ սուր է լինելու, եւ ո՞վ է, որ մխիթարելու է քեզ: 20 Քո որդիները տարակուսած քուն են մտել բոլոր ճանապարհների խաչմերուկներում: Նրանք կարծես կիսեփ ճակնդեղ լինեն: Նրանց մէջ Տիրոջ բարկութիւնն է լցուած, նրանք խոտորուած են Տէր Աստծուց: 21 Դրա համար էլ լսի՛ր, ո՛վ տառապեալդ, որ հարբած ես, բայց ոչ գինուց:– 22 Այսպէս է ասում Տէր Աստուած, որ դատում է իր ժողովրդին.– ահա քո ձեռքից հեռացրի կործանման բաժակը՝ իմ բարկութեան բաժակը, եւ դու այլեւս չես խմելու այն: 23 Այն տալիս եմ քեզ վնասողների ձեռքը, նրանց ձեռքը, ովքեր տառապանքի դատապարտեցին քեզ, ովքեր քեզ ասում էին. “Խոնարհուի՛ր, որ անցնենք”: Եւ քո մէջքը գետնին հաւասար դարձրին քեզ վրայով անցնողների համար»:
52.1 Զարթնի՛ր, զարթնի՛ր, Սիո՛ն, հագի՛ր քո զօրութիւնը, Սիո՛ն. դու էլ քո փա՛ռքը հագիր, ո՛վ սուրբ քաղաքդ Երուսաղէմ, որովհետեւ պիղծերն ու անթլփատներն այլեւս չեն անցնելու քո միջով: 2 Թօթափի՛ր քո փոշին, ոտքի՛ ել ու նստի՛ր, ո՛վ Երուսաղէմ, քանդի՛ր քո պարանոցի կապը, ո՛վ դու Սիոնի գերի դուստր: 3 Արդարեւ, այսպէս է ասում Տէրը. «Դուք ձրի վաճառուեցիք եւ արծաթով չէք փրկուելու: