1 Արդարեւ, գալիք բարիքների ստուերն էր օրէնքը եւ ոչ թէ՝ իրողութիւնների բուն կերպարանքը. այն նոյն պատարագները, որ մատուցում էին տարէցտարի, չէին կարող կատարեալ դարձնել մատուցողներին, 2 ապա թէ ոչ՝ նրանք կդադարէին մատուցելուց, քանի որ պաշտամունք մատուցողները, մի անգամ ընդմիշտ մաքրուած լինելով, այնուհետեւ մեղքի համար ոչ մի խղճմտանք չէին ունենայ: 3 Սակայն նրանք տարէցտարի այդ պատարագներով վերստին մեղքի յիշողութեան տակ էին մնում, 4 քանի որ նոխազների եւ ցուլերի արիւնը չէր կարող վերացնել մեղքերը: 5 Դրա համար էլ Քրիստոս, երբ աշխարհ մտաւ, ասաց. «Զոհեր եւ պատարագներ չցանկացար, այլ մի մարմին պատրաստեցիր ինձ համար: 6 Ողջակէզներ եւ մեղքերի համար արուած զոհեր քեզ հաճելի չեղան: 7 Այն ժամանակ ասացի, թէ՝ ահաւասիկ եկայ քո կամքը կատարելու, ո՛վ Աստուած (ինչպէս իմ մասին գրուած է օրէնքի գրքում)»: 8 Աւելի վերեւ ասում է, թէ՝ «Զոհեր, պատարագներ, ողջակէզներ եւ մեղքերի համար արուած զոհեր քեզ հաճելի չեղան եւ չուզեցիր (բաներ, որոնք ընծայւում էին ըստ օրէնքի)»: