28 Նոյեմբեր, Եշ
6.4 Մովսէսն այնուհետեւ շարունակեց. «Լսի՛ր, Իսրայէ՛լ, մեր Տէր Աստուածը մէկ Տէր է: 5 Քո Տէր Աստծուն պիտի սիրես քո ամբողջ հոգով, քո ամբողջ էութեամբ ու քո ամբողջ ուժով: 6 Այս պատգամները, որ այսօր հաղորդում եմ քեզ, կպահես մտքիդ ու հոգուդ մէջ: 7 Դրանք կհաղորդես քո որդիներին եւ դրանց մասին կխօսես, երբ տանը նստած ես, ճանապարհ գնալիս, պառկելիս ու վեր կենալիս: 8 Դրանք որպէս նշան կկապես քո ձեռքին, որ մնան անշարժ քո աչքերի առջեւ, 9 դրանք կգրես քո տների մուտքին ու դռների վրայ: 10 Եւ երբ քո Տէր Աստուածը քեզ տանի այն երկիրը, որ երդուեց տալ քո հայր Աբրահամին, Իսահակին ու Յակոբին, եւ քեզ տայ մեծամեծ ու գեղեցիկ քաղաքներ, որոնք դու չես կառուցել, 11 ամէն տեսակի բարիքներով լցուած տներ, որոնք դու չես լցրել, փորուած ջրհորներ, որոնք դու չես բացել, այգիներ ու ձիթաստաններ, որոնք դու չես տնկել, 12 եւ ուտես ու յագենաս, 13 ապա այն ժամանակ զգո՛յշ եղիր, որ չմոռանաս Եգիպտացիների երկրից՝ ստրկութեան տնից քեզ դուրս բերած քո Տէր Աստծուն: Երկնչի՛ր քո Տէր Աստծուց, միայն նրա՛ն պաշտիր, նրա՛ն հետեւիր ու նրա՛ անունով երդուիր: 14 Օտար աստուածների, ձեր շուրջը գտնուող ժողովուրդների աստուածների յետեւից մի՛ գնայ, 15 որովհետեւ քո Տէր Աստուածը, որ ձեր մէջ է, նախանձոտ Աստուած է: Այնպէս չլինի, որ քո Տէր Աստուածը սրտմտելով բարկանայ ու քեզ վերացնի երկրի երեսից: 16 Քո Տէր Աստծուն մի՛ փորձիր, ինչպէս փորձեցիք Փորձութեան վայրում: 17 Անսասա՛ն պահիր քո Տէր Աստծոյ քեզ հաղորդած պատուիրանները, օրէնքներն ու կանոնները: 18 Կատարի՛ր այն, ինչ բարի ու հաճելի է քո Տէր Աստծոյ առջեւ, որպէսզի լաւ լինի քեզ համար, եւ դու մտնես ու ժառանգես այն լաւ երկիրը, որ Տէրը երդուեց տալ մեր հայրերին, 19 որպէսզի նա հալածի բոլոր թշնամիներին քո առջեւից, ինչպէս ասել է: 20 Եւ երբ վաղը քո որդին քեզ հարցնի ու ասի, թէ՝ “Այդ ի՞նչ պատուիրաններ, օրէնքներ ու կանոններ են, որ մեր Տէր Աստուածը պատուիրել է մեզ”, 21 ապա քո որդուն կասես. “Եգիպտոսում փարաւոնի ստրուկներն էինք մենք, եւ Տէր Աստուածը ամուր ձեռքով ու հզօր բազկով մեզ դուրս բերեց այնտեղից: 22 Տէրը Եգիպտացիների երկրում փարաւոնի ու նրա տան վրայ մեր ներկայութեամբ սոսկալի նշաններ եւ մեծագործութիւններ արեց: 23 Նա մեզ դուրս բերեց այդտեղից, որպէսզի բերի այստեղ, մեզ տայ այն երկիրը, որ երդուել էր տալ մեր հայրերին: 24 Տէրը մեզ պատուիրեց գործադրել բոլոր այս օրէնքները, յաւիտեանս երկնչել մեր Տէր Աստծուց, որպէսզի լաւ լինի մեզ համար մեր կեանքի բոլոր օրերում, եւ ապրենք, ինչպէս որ ապրում ենք այսօր: 25 Մեզ համար ողորմածութիւն կլինի, եթէ հետեւենք, որ մեր Տէր Աստծոյ առջեւ գործադրուեն բոլոր այս պատուիրանները, ինչպէս որ Տէրը կարգադրել է մեզ”: 7
7.1 Երբ քո Տէր Աստուածը քեզ տանի այն երկիրը, ուր պիտի մտնես այն ժառանգելու համար, եւ քո առջեւից հալածի մեծ ու բազմաթիւ ազգերին՝ քետացիներին, գերգեսացիներին, ամորհացիներին, քանանացիներին, փերեզացիներին, խեւացիներին ու յեբուսացիներին՝ քեզնից մեծ ու հզօր եօթ ազգերին, 2 եւ քո Տէր Աստուածը նրանց մատնի քո ձեռքը, կհարուածես, կոչնչացնես նրանց: Նրանց հետ ուխտ չդնես եւ նրանց չխնայես: 3 Նրանց հետ խնամութիւն չհաստատես. քո աղջկան նրա որդուն չտաս, նրա աղջկան քո որդու համար կին չառնես, 4 որովհետեւ քո որդուն իմ դէմ կապստամբեցնեն. նա օտար աստուածներ կպաշտի, եւ Տէրը սաստիկ կբարկանայ ձեզ վրայ ու անմիջապէս կկոտորի ձեզ: 5 Այսպէս կվարուէք նրանց հետ. քարուքանդ կանէք նրանց բագինները, ջարդուփշուր կանէք նրանց արձանները, կկոտորէք նրանց անտառները, կրակի կմատնէք նրանց կուռքերը: 6 Դու ես քո Տէր Աստծոյ սուրբ ժողովուրդը, եւ քո Տէր Աստուածը քեզ է ընտրել, որ դու լինես իր սեփական ժողովուրդը, քան թէ երկրի վրայ ապրող մնացած բոլոր ազգերը: 7 Տէրը բարեհաճեց ու ընտրեց ձեզ ոչ նրա համար, որ դուք բոլոր ազգերից բազմամարդ էք, քանի որ դուք բոլոր ազգերից սակաւաթիւ էք, 8 այլ՝ նրա համար, որ Տէրը սիրում էր ձեզ եւ ուզում էր պահել այն երդումը, որ նա տուել էր ձեր հայրերին: Տէրն ամուր ձեռքով ու հզօր բազկով ձեզ դուրս բերեց, ձեզ փրկեց ստրկութեան տնից՝ եգիպտացիների արքայ փարաւոնի ձեռքից: 9 Պէտք է իմանաս, որ քո Տէր Աստուածն է Աստուածը, հաւատարիմ Աստուածը: Նա պահում է իրեն սիրող եւ իր պատուիրանները պահող մարդկանց հետ արած ուխտն ու ողորմածութիւնը մինչեւ հազար սերունդ, 10 իսկ իրեն ատողներին փոխհատուցում է՝ նրանց սպանելով: Նա իրեն ատողներին պատժում է առանց յապաղելու, ուղղակի փոխհատուցում նրանց: