28 Նոյեմբեր, Եշ
1.23 Կինը նստեց եւ կերակրեց իր որդուն, մինչեւ նրան կրծքից կտրելը: 24 Դրանից յետոյ նրանք գնացին Սելով՝ իրենց հետ վերցնելով երեք տարեկան մի զուարակ, կլոր հացեր, մէկ արդուի չափ ընտիր ալիւր եւ մի սափոր գինի: Նրանք մտան Սելովում գտնուող Տիրոջ տունը: Մանուկն իրենց հետ էր: 25 Նրանք նրան ընծայեցին Տիրոջը: Նրա հայրը մորթեց զոհը, որ ամէն տարի մատուցում էր Տիրոջը: Նա մօտ բերեց մանկանը եւ մորթեց զուարակը մանկան փրկութեան համար: 26 Աննան՝ մանկան մայրը, նրան տարաւ Հեղիի մօտ՝ ասելով. «Աղաչում եմ, տէ՛ր իմ, ինչպէս ճիշտ է, որ դու կենդանի ես, այնպէս էլ ճիշտ է, որ ես այն կինն եմ, որ կանգնել էի քո առջեւ եւ Տիրոջն էի աղօթում ահա այս մանկան համար: 27 Տէրը կատարեց իրենից հայցած իմ խնդրանքը: 28 Արդ, իբրեւ դրա հատուցում, նրան նուիրում եմ Տիրոջը. ինչքան որ ապրի, թող ծառայի Տիրոջը»: Եւ նրանք այնտեղ երկրպագեցին Տիրոջը:
2.1 Աննան աղօթել սկսեց ու ասաց. «Սիրտս ամրացաւ իմ Տիրոջ շնորհիւ, գլուխս բարձր եմ պահում Տիրոջ շնորհիւ, բերանս լայն բացուեց իմ թշնամիների դէմ, ուրախ եղայ, որ փրկեցիր ինձ: 2 Տիրոջ նման սուրբ չկայ, մեր Աստծոյ նման արդար չկայ, 3 եւ քեզնից բացի սուրբ չկայ: Մի՛ պարծեցէք ու մի՛ խօսէք ամբարտաւան բաներ, մեծախօսութիւն թող չլսուի ձեր բերանից, քանզի Աստուած իմացութիւնների Տէրն է, եւ նա է պատրաստում իր զարմանահրաշ գործերը: 4 Հզօրների աղեղները տկարացան, իսկ տկարները զօրութիւն ստացան: 5 Հացով կշտացածները հիւծուեցին, իսկ քաղցածները երկրում բնակուեցին, ամուլը եօթ որդի ծնեց, իսկ բազմածինը դադարեց որդի ունենալուց: 6 Տէրն է սպանում եւ ապրեցնում, իջեցնում գերեզման եւ դուրս բերում այնտեղից: 7 Տէրն է աղքատացնում ու հարստացնում, ստորացնում ու բարձրացնում: 8 Գետնից բարձրացնում է տնանկին, աղքատին հանում աղբանոցից, որ նրանց նստեցնի ժողովրդի իշխանների հետ ու փառքի գահին բազմեցնի նրանց: 9 Նա ուխտաւորի ուխտն է կատարում, արդարների տարիներն է օրհնում: Ուժեղն իր շնորհքով չէ, որ հզօր է: Տէրը տկարացնում է իր հակառակորդներին: Տէրը սուրբ է: Ո՛չ իմաստունը թող պարծենայ իր իմաստութեամբ, ո՛չ հզօրն իր զօրութեամբ, ո՛չ էլ մեծատունն իր հարստութեամբ: Պարծեցողը պէտք է պարծենայ նրանով, որ իմանում ու ճանաչում է Տիրոջը, երկրում իրաւունք եւ արդարութիւն է գործադրում: 10 Տէրը երկինք ելաւ ու որոտաց. ինքն է, որ արդար է դատելու երկիրն իր չորս ծագերով, զօրութիւն տալու մեր թագաւորներին եւ զօրավիգ լինելու իր օծեալին»: 11 Եւ նրանք, մանկանը թողնելով այնտեղ՝ Տիրոջ առջեւ, գնացին Արիմաթէմ՝ իրենց տունը: Մանուկ Սամուէլը Հեղի քահանայի մօտ Տիրոջն էր ծառայում: 12 Հեղի քահանայի որդիները, սակայն, անզգամ էին եւ չէին ճանաչում Տիրոջը: 13 Զոհ մատուցելիս քահանան ժողովրդից պահանջում էր հետեւեալը. միսը եփուելիս քահանայի սպասաւորը, եռաժանի պատառաքաղը ձեռքին, պիտի գար, այն մտցնէր տաշտի, պղնձէ մեծ կաթսայի կամ պտուկի մէջ, եւ ինչ որ հանէր մեծ պատառաքաղն այնտեղից, պէտք է պատկանէր քահանային: 14 Այսպէս էին վարւում բոլոր իսրայէլացիների զոհերի հետ, որոնք գալիս էին զոհեր մատուցելու Սելովում՝ Տիրոջ տանը: 15 Նախքան ճարպն այրելը գալիս էր քահանայի սպասաւորը եւ ասում զոհ մատուցողին. «Քահանային խորովելու միս տուր, եւ ես կաթսայում եփուող մսից չեմ առնի»: 16 Զոհ մատուցողն ասում էր. «Թող նախ ճարպն այրուի, ինչպէս օրէնքն է, ապա ա՛ռ այնքան, ինչքան սիրտդ ցանկանայ»: 17 Իսկ նա ասում էր. «Ո՛չ, հիմա տուր, ապա թէ ոչ՝ բռնի կառնեմ»: Այդ երիտասարդների մեղքերը շատ էին Տիրոջ առաջ: 18 Մանուկ Սամուէլը, քաթանէ վակաս հագած, Տիրոջ առջեւ ծառայութիւն էր անում: 19 Մայրն ամէն տարի կարճ վերարկու էր պատրաստում ու բերում նրան, երբ իր ամուսնու հետ բարձրանում էր ամէնամեայ զոհը մատուցելու: 20 Հեղին, օրհնելով Եղկանային ու նրա կնոջը, ասաց. «Տիրոջը քո նուիրած այս մանկան փոխարէն Տէրը քեզ թող այդ կնոջից զաւակներ պարգեւի»: Եւ Եղկանան գնաց իր բնակավայրը: 21 Տէրն այցելեց Աննային, սա յղիացաւ ու ծնեց եւս երեք տղայ ու երեք աղջիկ: Մանուկ Սամուէլն էլ մեծացաւ Տիրոջ առջեւ: 22 Հեղին շատ էր ծերացել եւ տեղեակ էր այն ամէնին, ինչ նրա որդիներն անում էին իսրայէլացիների նկատմամբ եւ թէ ինչպէս պառկում էին ուխտաւոր կանանց հետ վկայութեան խորանի դռան մօտ: 23 Նա նրանց ասաց. «Ինչո՞ւ էք այնպիսի բաներ անում, որ ես այդ բաները լսեմ Տիրոջ ամբողջ ժողովրդի բերանից: 24 Մի՛ արէք, որդեակնե՛ր, իմ լսած լուրը բարի չէ, դուք Աստծոյ ժողովրդին չէք ծառայում: 25 Եթէ մարդը մեղանչում է մարդու դէմ, ապա պէտք է աղօթի Տիրոջը, իսկ եթէ Տիրոջ դէմ է մեղանչում, ո՞վ պէտք է նրա համար աղօթի»: Նրանք, սակայն, չէին լսում իրենց հօր խօսքերը, քանզի Տէրը ուզում էր կործանել նրանց: 26 Եւ մանուկ Սամուէլը շարունակում էր մեծանալ եւ հաճելի էր դառնում Տիրոջն ու մարդկանց: