28 Նոյեմբեր, Եշ
4.43 Եւ երբ օրը լուսացաւ, նա ելաւ գնաց մի ամայի տեղ, իսկ ժողովուրդը փնտրում էր նրան. եկան մինչեւ նրա մօտ եւ չէին թողնում նրան, որ հեռանայ իրենցից: 44 Եւ նա նրանց ասաց. «Աստծոյ արքայութիւնը ես ուրիշ քաղաքների էլ պիտի աւետարանեմ, որովհետեւ դրա համար իսկ ուղարկուեցի»: 45 Եւ նա քարոզում էր գալիլիացիների ժողովարաններում:
5.1 Եւ մինչ ժողովուրդը խռնւում էր նրա շուրջը՝ լսելու Աստծոյ խօսքը, նա կանգնած էր Գեննեսարէթի ծովակի ափին: 2 Եւ տեսաւ երկու նաւակներ, որ կանգնած էին ծովակի եզերքին. եւ ձկնորսները, դրանց միջից դուրս եկած, ուռկաններն էին լուանում: 3 Նա մտաւ նաւակներից մէկի մէջ, որ Սիմոնինն էր, եւ խնդրեց նրան, որ ցամաքից փոքր-ինչ հեռացնի այն. նստեց ու նաւակի միջից ուսուցանում էր ժողովրդին: 4 Եւ երբ դադարեց խօսելուց, ասաց Սիմոնին. «Քշիր տա՛ր դէպի խորքերը, եւ ձեր ուռկանները գցեցէ՛ք որսալու համար»: 5 Սիմոնը պատասխանեց եւ նրան ասաց. «Վարդապե՛տ, ամբողջ այս գիշեր չարչարուեցինք եւ ոչինչ չբռնեցինք, բայց քո խօսքի համար ուռկանները կգցենք»: 6 Երբ այդ արեցին, մեծ քանակութեամբ ձկներ բռնեցին՝ այն աստիճան, որ նրանց ուռկանները պատռւում էին: 7 Նրանք նշան էին անում միւս նաւակի մէջ եղող իրենց որսակիցներին, որ գան, իրենց օգնեն: Եւ նրանք եկան, եւ երկու նաւակներն էլ լցուեցին սուզուելու աստիճան: 8 Երբ Սիմոն Պետրոսն այս տեսաւ, Յիսուսի ծնկներն ընկաւ եւ ասաց. «Ինձնից հեռո՛ւ գնա, Տէ՛ր, որովհետեւ ես մեղաւոր մարդ եմ». 9 քանի որ վախը պատել էր նրան եւ բոլորին, որ նրա հետ էին, իրենց բռնած ձկների քանակի պատճառով, 10 նոյնպէս եւ՝ Զեբեդէոսի որդիներին՝ Յակոբոսին եւ Յովհաննէսին, որոնք Սիմոնի որսակիցներն էին. եւ Յիսուս Սիմոնին ասաց. «Մի՛ վախեցիր, այսուհետեւ դու մարդկանց պիտի որսաս կեանքի համար»: 11 Եւ նաւակը ցամաք հանելով՝ թողեցին ամէն ինչ ու նրան հետեւեցին: