28 Նոյեմբեր, Եշ
16 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ծառան աւելի մեծ չէ, քան իր տէրը, եւ ոչ էլ ուղարկուածը՝ աւելի մեծ, քան նա, ով նրան ուղարկեց: 17 Եթէ այս բաները գիտէք, առաւել երանելի էք, եթէ դրանք կատարէք: 18 Ձեր բոլորի համար չէ, որ ասում եմ, որովհետեւ ես գիտեմ նրանց, որոնց ընտրել եմ, այլ՝ որպէսզի կատարուի գրուածը, թէ՝ «Ով ինձ հետ հաց էր ուտում, իմ դէմ դարձաւ». 19 հէնց այժմուանից ասում եմ ձեզ, քանի դեռ չի եղել, որպէսզի երբ որ լինի, հաւատաք, որ ես եմ: 20 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ով որ ընդունի նրան, ում ես կուղարկեմ, ինձ է ընդունում, եւ ով ինձ է ընդունում, ընդունում է նրան, ով ինձ ուղարկեց»: 21 Երբ Յիսուս այս բաներն ասաց, խռովուեց իր հոգում, վկայեց ու ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզնից մէկը ինձ մատնելու է»: 22 Աշակերտներն իրար էին նայում՝ տարակուսելով, թէ ում մասին է ասում: 23 Եւ աշակերտներից մէկը, որին Յիսուս սիրում էր, նստել էր նրա մօտ: 24 Սիմոն Պետրոսը նրան ակնարկ արեց՝ հարցնելով, թէ այդ ում մասին է ասում: 25 Եւ սա Յիսուսի կրծքով ընկաւ ու ասաց նրան. «Տէ՛ր, ո՞վ է»: 26 Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Նա է, որի համար ես այս պատառը կթաթախեմ եւ կտամ իրեն»: Եւ թաթախելով պատառը՝ տալիս է Իսկարիովտացի Յուդային: 27 Եւ երբ նա պատառն առաւ, սատանան մտաւ նրա մէջ: Յիսուս նրան ասաց. «Հիմա ինչ որ անելու ես, իսկոյն արա՛»: 28 Եւ սեղանակիցներից ոչ ոք չիմացաւ, թէ նա ինչի համար այդ նրան ասաց. 29 որովհետեւ ոմանք կարծում էին, թէ քանի որ Յուդան է գանձանակը պահում, Յիսուս նրան ասաց. «Գնի՛ր, ինչ որ մեզ տօնի ժամանակ պէտք է», եւ կամ՝ որ մի բան տայ աղքատներին: 30 Իսկ նա, պատառը վերցնելով, իսկոյն դուրս ելաւ: Եւ գիշեր էր...