Ավ. ըստ Մարկոսի 14.1-26

1 Եւ երկու օր յետոյ Զատիկ էր ու Բաղարջակերաց տօնը. քահանայապետները եւ օրէնսգէտները հնար էին որոնում, թէ ինչպէս նրան, նենգութեամբ բռնելով, սպանեն: 2 Բայց ասում էին. «Ո՛չ այս տօնին, որպէսզի ժողովրդի մէջ խռովութիւն չլինի»: 3 Եւ մինչ նա Բեթանիայում էր՝ բորոտ Սիմոնի տանը սեղան նստած, եկաւ մի կին, որ հետն ունէր նարդոսի ազնիւ, մեծարժէք իւղի մի շիշ. եւ շիշը կոտրելով՝ իւղը թափեց Յիսուսի գլխին: 4 Աշակերտները զայրացան եւ ասացին. «Այդ իւղն ինչո՞ւ այսպէս պիտի կորչէր. 5 կարելի էր այդ անուշահոտ իւղը վաճառել աւելի քան երեք հարիւր դահեկանի եւ տալ աղքատներին»: Եւ խիստ զայրանում էին կնոջ վրայ: 6 Եւ Յիսուս նրանց ասաց. «Թո՛յլ տուէք դրան. ինչո՞ւ էք նեղութիւն տալիս, որովհետեւ նա ինձ համար մի բարի գործ արեց: 7 Ամէն ժամ աղքատներին ձեզ հետ ունէք եւ, երբ ուզէք, կարող էք նրանց բարիք անել: Բայց ինձ ամէն ժամ ձեզ հետ չունէք: 8 Դա, ինչ որ կարող էր, արեց. առաջուց խնկաւէտեց իմ մարմինը ի նշան պատանքուելու: 9 Ճշմարիտ եմ ասում ձեզ. ուր էլ քարոզուի այս աւետարանը ամբողջ աշխարհում, ինչ որ նա արեց, այդ եւս պիտի պատմուի նրա յիշատակի համար»: 10 Եւ Յուդա Իսկարիովտացին՝ տասներկուսից մէկը, գնաց քահանայապետների մօտ, որ Յիսուսին մատնի նրանց: 11 Երբ նրանք լսեցին, ուրախացան եւ խոստացան նրան դրամ տալ. եւ նա առիթ էր փնտրում, թէ ինչպէս յարմար ժամանակ մատնի նրան: 12 Եւ Բաղարջակերաց տօնի առաջին օրը, երբ Զատկի գառն էին մորթում, աշակերտները նրան ասացին. «Ո՞ւր ես ուզում՝ գնանք պատրաստենք, որ զատկական ընթրիքն ուտես»: 13 Եւ նա աշակերտներից երկուսին ուղարկեց ու նրանց ասաց. «Գնացէ՛ք այն քաղաքը, եւ երբ այն քաղաքը մտնէք, կպատահի ձեզ մի մարդ, որ ուսին ջրի սափոր ունի. գնացէ՛ք նրա յետեւից: 14 Եւ նա որ տունը որ մտնի, տանտիրոջը կասէք. “Վարդապետն ասում է. ո՞ւր է այն իջեւանը, ուր իմ աշակերտների հետ զատկական ընթրիքը պիտի ուտեմ”: 15 Եւ նա ձեզ ցոյց կտայ զարդարուած մի վերնատուն. այնտե՛ղ պատրաստեցէք մեզ համար»: 16 Եւ նրա աշակերտները գնացին պատրաստելու. եկան այն քաղաքը եւ գտան, ինչպէս որ նա իրենց ասել էր. ու զատկական ընթրիքը պատրաստեցին: 17 Երբ երեկոյ եղաւ, նա եկաւ տասներկուսի հետ միասին: 18 Եւ երբ սեղան նստեցին ու դեռ ուտում էին, Յիսուս ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզնից մէկը մատնելու է ինձ. նա, որ ինձ հետ իսկ ուտում է»: 19 Եւ նրանք սկսեցին տրտմել ու ասել մէկը միւսի յետեւից՝ մի՞թէ ես եմ. եւ միւսը թէ՝ մի՞թէ ես եմ: 20 Նա պատասխան տուեց եւ ասաց. «Տասներկուսիցդ մէկը, որ ձեռքն ինձ հետ մտցրեց պնակի մէջ: 21 Ճիշտ է, մարդու Որդին կգնայ այս աշխարհից, ինչպէս որ նրա մասին գրուած է. բայց վա՜յ այն մարդուն, որի ձեռքով մարդու Որդին կմատնուի. լաւ կլինէր նրան, եթէ այդ մարդը ծնուած անգամ չլինէր»: 22 Եւ մինչդեռ ուտում էին, Յիսուս, հաց վերցնելով, օրհնեց եւ կտրեց, տուեց նրանց ու ասաց. «Առէ՛ք, այս է իմ մարմինը»: 23 Եւ բաժակը վերցնելով՝ գոհութիւն յայտնեց, տուեց նրանց, եւ բոլորն էլ նրանից խմեցին: 24 Եւ Յիսուս ասաց նրանց. «Այս է նոր ուխտի իմ արիւնը, որ հեղւում է շատերի համար: 25 Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այլեւս որթատունկի բերքից չեմ խմելու՝ մինչեւ այն օրը, երբ կխմեմ նոր գինին Աստծոյ արքայութեան մէջ»: 26 Եւ գոհութիւն մատուցելուց յետոյ ելան Ձիթենեաց լեռը:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․