Իմաստ. Սողոմոնի 2.23-3.8

2.23 Աստուած մարդուն ստեղծել է անեղծ լինելու համար եւ արարել է նրան ըստ իր բարերարութեան պատկերի: 24 Մահը աշխարհ է եկել բանսարկուի նախանձով. 25 եւ ովքեր նրա բաժինն են, նրանք էլ պիտի կրեն այն:

3.1 Բայց արդարների հոգիներն Աստծոյ ձեռքին են, եւ մահը չի մօտենալու նրանց: 2 Անզգամների աչքին թուաց, թէ նրանք մեռան, եւ նրանց ելքն այս աշխարհից համարուեց տանջանք, իսկ նրանց հեռանալը մեզնից՝ կործանում, 3 բայց նրանք գտնւում են խաղաղութեան մէջ: 4 Ու թէպէտ եւ մարդկանց թւում է, թէ նրանք տանջուեցին, բայց նրանք անմահութեան հաստատ յոյս ունեն, 5 ինչպէս եւ նրանք, որոնք չխուսափեցին սակաւ-ինչ տառապանքից, պիտի բարիքներ գտնեն, քանի որ Աստուած փորձեց նրանց եւ նրանց էլ արժանի գտաւ իրեն: 6 Նրանց փորձեց, ինչպէս ոսկին բովի մէջ, եւ իբրեւ ողջակէզի զոհ ընդունեց նրանց: 7 Եւ երբ Տէրն այցելի նրանց, նրանք պիտի պայծառանան ու վեր ընթանան, ինչպէս կայծը եղէգի միջով: 8 Պիտի դատեն ազգերին եւ տիրեն ժողովուրդներին, եւ նրանց վրայ յաւիտեան թագաւորելու է Տէրը:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․