28 Նոյեմբեր, Եշ
1 Իսկ արդ, հարցնում եմ՝ միթէ մերժե՞ց Աստուած իր ժողովրդին: Քա՛ւ լիցի. քանզի ես էլ իսրայէլացի եմ՝ Աբրահամի սերնդից, Բենիամինի ցեղից: 2 Աստուած չմերժեց իր ժողովրդին, որին նախապէս ճանաչել էր: Կամ՝ չգիտէ՞ք ինչ է ասում Գիրքը Եղիայի մասին. թէ ինչպէս է նա գանգատւում Աստծուն Իսրայէլի դէմ. 3 «Տէ՛ր, կոտորեցին քո մարգարէներին եւ կործանեցին քո սեղանները. ե՛ս մնացի միայն, եւ իմ կեանքն են ուզում»: 4 Իսկ ի՞նչ է ասում նրան պատասխանը. «Թողեցի ինձ, - ասում է, - եօթը հազար մարդ, որոնք Բահաղին չծնրադրեցին»: 5 Նոյնպէս եւ ներկայ ժամանակում մնացորդներ կան ըստ ընտրութեան շնորհի: 6 Իսկ եթէ շնորհից է, այլեւս գործերից չէ. ապա թէ ոչ շնորհն այլեւս շնորհ չի լինի: 7 Իսկ արդ, ինչ որ Իսրայէլը փնտռում էր, դրան չհասաւ. բայց ընտրուածները հասան, իսկ մնացածները կուրացան, 8 - ինչպէս գրուած է՝ Աստուած նրանց յիմարութեան հոգի տուեց, աչքեր, որոնցով չպիտի տեսնեն, եւ ականջներ, որոնցով չպիտի լսեն, - մինչեւ ներկայ ժամանակները: 9 Եւ Դաւիթն ասում է. «Թող նրանց սեղանները լինեն որոգայթ եւ խայծ, գայթակղութիւն եւ հատուցում նրանց: 10 Թող խաւարեն նրանց աչքերը, որպէսզի չտեսնեն, եւ նրանց թիկունքը մշտապէս ծռած պահիր»: 11 Իսկ արդ, ասում եմ. «Միթէ նրա՞ համար յանցանք գործեցին, որ կործանուեն»: Քա՛ւ լիցի. այլ նրանց յանցանքով է, որ եկաւ փրկութիւն հեթանոսներին, որպէսզի նախանձ գցի նրանց մէջ: 12 Իսկ եթէ նրանց յանցանքը աշխարհի համար հոգեկան հարստութիւն է, եւ նրանց նուաստութիւնը՝ հոգեկան հարստութիւն հեթանոսների համար, որչա՜փ եւս առաւել կը լինի նրանց բոլորի փրկութիւնը: