28 Նոյեմբեր, Եշ
1 Նմանուեցէ՛ք ինձ, ինչպէս որ ես՝ Քրիստոսին: 2 Գովում եմ ձեզ, որ յիշում էք ինձ ամէն ինչում եւ պահում էք աւանդուած բաները, ինչպէս որ աւանդեցի ձեզ: 3 Ուզում եմ, որ դուք իմանաք, որ ամէն մարդու գլուխը Քրիստոսն է, կնոջ գլուխը՝ մարդը, եւ Քրիստոսի գլուխը՝ Աստուած: 4 Ամէն տղամարդ, երբ աղօթքի կանգնի կամ մարգարէանայ եւ գլուխը ծածկած պահի, անպատւում է իր գլուխը: 5 Եւ ամէն կին, երբ աղօթքի կանգնի կամ մարգարէանայ գլխաբաց, անպատւում է իր գլուխը. որովհետեւ այնպէս է համարւում, թէ իբր գլուխն ածիլուած լինի. 6 քանզի եթէ կինը քողով չի ծածկւում, թող կտրի իր մազերը: Իսկ եթէ ամօթ է կնոջ համար մազը կտրել կամ ածիլել, թող քողով ծածկուի: 7 Պէտք չէ, որ տղամարդն իր գլուխը ծածկի, որովհետեւ նա պատկերն ու փառքն է Աստծոյ. իսկ կինը իր մարդու փառքն է. 8 որովհետեւ ոչ թէ մարդն է կնոջից, այլ կինը՝ մարդուց. 9 քանզի մարդը չստեղծուեց կնոջ համար, այլ կինը՝ մարդու համար: 10 Դրա համար կինը պարտաւոր է քող դնել գլխին՝ հրեշտակների պատճառով: 11 Բայց կինն առանց մարդու եւ մարդն առանց կնոջ չկան ի Տէր. 12 որովհետեւ ինչպէս որ կինը մարդուց է, այնպէս եւ մարդը՝ կնոջ միջոցով, եւ ամէն ինչ՝ Աստծուց: 13 Եւ դուք ինքներդ դատեցէք. վայե՞լ է կին արարածին գլխաբաց աղօթքի կանգնել Աստծոյ առաջ: 14 Եւ բնութիւնն իսկ չի՞ ուսուցանում ձեզ, որ եթէ մարդը երկար մազերով է, այդ անարգանք է իրեն. 15 բայց կինը եթէ երկար մազերով է, այդ պատիւ է իրեն. որովհետեւ մազերը քողի փոխարէն են տրուած նրան: 16 Իսկ եթէ մէկն ուզում է առարկել, մենք չունենք այդպիսի սովորութիւն, ոչ էլ՝ Աստծոյ եկեղեցիները: