28 Նոյեմբեր, Եշ
10 Լսիր՛, որդեա՛կ, եւ ընդունի՛ր իմ խօսքերը, եւ քո կեանքի տարիները պիտի շատանան, եւ պիտի աւելանան քո կեանքի ճանապարհները: 11 Ես իմաստութեան ուղիներն եմ ուսուցանում քեզ, ես քեզ սովորեցնում եմ ընթանալ ուղիղ շաւիղներով, 12 որպէսզի, եթէ գնաս, ընթացքդ չխափանուի, եթէ վազես, երբեք չյոգնես: 13 Ամո՛ւր բռնիր իմ խրատը եւ բաց չթողնես այն, այլ պահի՛ր, որովհետեւ քո կեանքն է այն: 14 Մի՛ գնայ ամբարիշտների ճանապարհով եւ մի՛ նախանձիր անօրէնների ճանապարհներին: 15 Մի՛ անցիր այն վայրով, ուր բնակւում են նրանք: 16 Խուսափի՛ր նրանցից եւ խորշի՛ր այդ վայրից, քանզի նրանք մինչեւ չարիք չգործեն, չեն քնում: Քունը փախչում է նրանց աչքից եւ չեն քնում, 17 քանի որ նրանք ամբարշտութեան հաց են ուտում եւ հարբում են անօրինութեան գինով: 18 Արդարների ճանապարհները նման են ծագող լոյսի, որ առաջնորդում եւ լուսաւորում է նրանց, մինչեւ որ օրը լրիւ լուսաւորի: 19 Ամբարիշտների ճանապարհները նման են խաւարի, եւ նրանք չգիտեն, թէ ինչպէս պիտի սայթաքեն: 20 Որդեա՛կ, անսա՛ իմ իմաստութեանը եւ ակա՛նջ դիր իմ խօսքերին, որ քո աղբիւրները չպակասեն: 21 Պահի՛ր իմ խօսքերը քո սրտի մէջ, 22 քանզի դրանք կեանք են գտնողների համար եւ բժշկութիւն՝ ամբողջ մարմնի համար: 23 Ամենայն զգուշութեամբ պահի՛ր եւ պահպանի՛ր քո սիրտը, որովհետեւ նրանից է բխում կեանքի աղբիւրը: 24 Հեռո՛ւ վանիր ստախօսութիւնը քո բերանից եւ անիրաւ շրթունքները հեռացրո՛ւ քեզնից: 25 Թող քո աչքերը նայեն ուղիղ, եւ քո թարթիչները արդարութեամբ շարժուեն: 26 Քո ոտքերին ուղիղ շաւիղնե՛ր արա եւ քո ճանապարհները ուղղի՛ր: 27 Մի՛ խոտորուիր ո՛չ դէպի աջ եւ ո՛չ էլ դէպի ձախ. ոտքդ ե՛տ դարձրու չար ճանապարհից: Դէպի աջ տանող ճանապարհները գիտէ Աստուած, բայց դէպի ձախ տանող ճանապարհները մոլոր են, եւ Աստուած ինքն էլ կուղղի քո շաւիղները եւ խաղաղութեամբ քեզ կառաջնորդի քո ճանապարհներով: