28 Նոյեմբեր, Եշ
17 Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Սուրբը, որ փրկեց քեզ. ես եմ քո Աստուածը, ես քեզ ճանապարհ ցոյց տուեցի, որով դու գնացիր: 18 Եւ եթէ դու հետեւէիր իմ պատուիրաններին, ապա քո խաղաղութիւնը գետի նման կլինէր, եւ քո արդարութիւնը՝ ծովի ալիքների նման: 19 Քո սերունդը աւազի չափ կլինէր, եւ քո որովայնից ծնուածները՝ երկրի հողի չափ: Եւ սակայն դու այժմ չես ոչնչանալու, եւ քո անունը չի կորչելու իմ առաջ: 20 Դո՛ւրս եկէք Բաբելոնից, փախէ՛ք քաղդէացիներից, ուրախ ձայնով պատմեցէ՛ք, թող լսելի լինի այն, մինչեւ աշխարհի ծագերը յայտնեցէ՛ք ու ասացէ՛ք, թէ՝ “Տէրը փրկեց իր ծառայ Յակոբին”: 21 Եւ եթէ անապատում ծարաւեն նրանք, նրանց համար նա քարից ջուր պիտի հանի: Քարը պիտի պատռուի, ջրերը պիտի բխեն, եւ իմ ժողովուրդը պիտի խմի: Ամբարիշտներն ուրախութիւն չեն տեսնելու»,– ասում է Տէրը: