11.30 Եթէ պարծենալ է պէտք, իմ տկարութեանը վերաբերող բաներով պիտի պարծենամ: 31 Աստուած եւ մեր Տէր Յիսուսի Հայրը, որ օրհնեալ է յաւիտեանս, գիտէ, որ չեմ ստում: 32 Դամասկոսում Արետաս արքայի կառավարիչը հսկողութեան տակ էր պահում Դամասկոս քաղաքը ինձ բռնելու համար. 33 բայց պատուհանից զամբիւղով ինձ կախեցին պարսպից ներքեւ, եւ ես փախայ նրա ձեռքից:
12.1 Արդ, կարելի է պարծենալ, բայց դա ոչնչով օգտակար չէ: Սակայն պիտի պատմեմ ձեզ Տիրոջ տեսիլքների եւ յայտնութիւնների մասին: 2 Գիտեմ մի մարդու ի Քրիստոս, որ տասնչորս տարի առաջ (թէ մարմնով էր, չգիտեմ, եւ թէ առանց մարմնի, չգիտեմ, Աստուած գիտէ) յափշտակուեց մինչեւ երրորդ երկինք: 3 Եւ գիտեմ այդպիսի մարդու (թէ մարմնով էր կամ առանց մարմնի, չգիտեմ, Աստուած գիտէ), 4 որ յափշտակուեց մինչեւ դրախտ եւ լսեց անպատում խօսքեր, որ մարդուն արտօնուած չէ խօսել: 5 Այդպիսի մէկով պիտի պարծենամ. բայց ես ինձնո՛վ չպիտի պարծենամ, այլ միայն՝ իմ տկարութիւններով. 6 որովհետեւ եթէ ուզեմ էլ պարծենալ, յիմարի մէկը չեմ լինի. քանզի ճշմարիտն եմ ասում. բայց հրաժարւում եմ ասելուց. գուցէ մէկն աւելի համարում ունենայ իմ մասին, քան ինչ որ տեսնում է իմ մէջ կամ լսում է ինձնից: 7 Եւ որպէսզի այդ յայտնութիւնների առատութեամբ չհպարտանամ, ինձ տրուեց մարմնի խայթ՝ սատանայի մի պատգամաւոր, որ բռնցքահարի ինձ, որպէսզի չգոռոզամտանամ: 8 Եւ դրա համար երեք անգամ աղաչեցի Տիրոջը, որ նրան ինձնից հեռացնի: 9 Բայց ասաց ինձ. «Իմ շնորհը քեզ բաւ է, որովհետեւ իմ զօրութիւնը տկարութեան մէջ է ամբողջական դառնում»: Եւ արդ, լաւ էլ է, որ ես պարծենամ իմ տկարութիւններով, որպէսզի իմ մէջ բնակուի Քրիստոսի զօրութիւնը: