21Ամաչելով եմ ասում, որպէս թէ մենք տկարացած լինէինք երբեւէ. ով ինչ բանի մէջ համարձակուի պարծենալ (յիմարութեամբ եմ ասում), ես էլ եմ համարձակուելու։ 22Եբրայեցինե՞ր են՝ ես էլ. իսրայէլացինե՞ր են՝ ես էլ. 23Աբրահամի՞ սերունդ են՝ ես էլ. Քրիստոսի՞ պաշտօնեաներ են (առաւել յանդգնութեամբ կ՚ասէի, թէ)՝ ես առաւե՛լ եւս։ Եթէ վաստակով՝ առաւել. եթէ գանակոծութեամբ՝ առաւե՛լ եւս. եթէ բանտարկութեամբ՝ աւելի՛ քան նրանք. եթէ մահուան վտանգով՝ բազում անգամ։ 24Հրեաներից, հինգ անգամ, քառասունից մէկով պակաս ծեծ կերայ. 25երեք անգամ ձաղկուեցի. մէկ անգամ քարկոծուեցի. երեք անգամ նաւաբեկութեան ենթարկուեցի. մէկ ցերեկ եւ մէկ գիշեր ծովի անդունդներում տառապեցի։26Ճանապարհորդութիւնների ընթացքում բազո՜ւմ անգամ վտանգներ՝ գետերից. վտանգներ՝ աւազակներից. վտանգներ՝ ազգակիցներից. վտանգներ՝ հեթանոսներից. վտանգներ՝ քաղաքում. վտանգներ՝ անապատում. վտանգներ՝ ծովում. վտանգներ՝ սուտ եղբայրներից։27Բազում անգամ եղայ աշխատանքների եւ յոգնութիւնների մէջ՝ յաճախ անքուն մնալով, քաղցի եւ ծարաւի մէջ, առանց մի պատառ հացի, այլեւ՝ ցրտի մէջ ու մերկութեան։ 28Մէկ կողմ թողած այլ նեղութիւններ եւ դեռ այն, որ շարունակ ամբոխն իմ վրայ էր կուտակւում. կային եւ բոլոր եկեղեցիների հոգսերը։ 29Կա՞յ տկար մէկը, որի հետ ես էլ տկարացած չլինեմ. կա՞յ գայթակղուած մէկը, որի համար իմ սիրտը այրուած չլինի։