1 Եւ սկսեց նրանց հետ առակներով խօսել ու ասել. «Մի մարդ այգի տնկեց եւ նրա շուրջը ցանկապատ քաշեց, հնձանի փոս փորեց եւ աշտարակ շինեց. եւ այն յանձնեց մշակներին ու գնաց ուրիշ երկիր: 2 Երբ ժամանակը հասաւ, մշակների մօտ մի ծառայ ուղարկեց, որ այդ մշակներից վերցնի այգու պտղից: 3 Եւ մշակները, նրան բռնելով, ծեծեցին ու ձեռնունայն արձակեցին: 4 Դարձեալ նա մի ուրիշ ծառայ ուղարկեց, եւ նրա էլ գլխին հարուածեցին եւ անարգելով արձակեցին: 5 Եւ վերստին մէկ ուրիշին ուղարկեց. սրան էլ սպանեցին. եւ ուրիշ շատերին ուղարկեց. ոմանց ծեծում էին, ոմանց՝ սպանում: 6 Դեռեւս նա մի սիրելի որդի ունէր. վերջում նրան ուղարկեց նրանց մօտ՝ ասելով. «Թերեւս իմ այս որդուց ամաչեն»: 7 Իսկ մշակները, երբ տեսան, որ նա գալիս է, իրար ասացին. «Ժառանգը սա է. եկէք սպանենք սրան, եւ ժառանգութիւնը մերը թող լինի»: 8 Եւ բռնելով նրան՝ սպանեցին ու հանեցին գցեցին այգուց դուրս: 9 Արդ, այգու տէրն ի՞նչ կանի. կգայ եւ կսպանի մշակներին ու այգին ուրիշների ձեռքը կյանձնի: 10 Դուք չէ՞ք կարդացել Գրքի այն խօսքը, թէ՝ «Այն քարը, որ կառուցողներն անարգեցին, նա եղաւ անկիւնաքար»: 11 Տիրոջ կողմից եղաւ այս, եւ մեր աչքին սքանչելի է»: 12 Եւ նրանք միջոց էին փնտրում նրան ձերբակալելու, բայց ժողովրդից վախեցան, որովհետեւ հասկացան, որ նա առակը իրենց մասին ասաց: Եւ թողեցին նրան ու գնացին: