1 Պօղոսը՝ առաքեալ ո՛չ մարդկանց կողմից եւ ո՛չ էլ մարդու միջոցով, այլ Յիսուս Քրիստոսի միջոցով եւ Հայր Աստծոյ, որ յարութիւն տուեց նրան մեռելներից, 2 եւ բոլոր եղբայրները, որ ինձ հետ են, Գաղատիայի եկեղեցիների՛դ՝ 3 շնո՜րհ ընդ ձեզ եւ խաղաղութի՜ւն Հայր Աստծուց եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսից, 4 որ իր անձը տուեց մեր մեղքերի համար, որպէսզի մեզ փրկի ներկայ այս չար աշխարհից ըստ Աստծոյ եւ մեր Հօր կամքի, 5 նրան՝ փա՜ռք յաւիտեանս յաւիտենից: Ամէն: 6 Զարմանում եմ, որ այդպէս շուտ լքում էք նրան, ով Քրիստոսի շնորհով կանչեց ձեզ, եւ դառնում էք դէպի ուրիշ աւետարան. 7 բայց ուրիշ աւետարան չկայ. կան ոմանք, որ խռովութիւն են սերմանում ձեր մէջ եւ ուզում են շուռ տալ Քրիստոսի աւետարանը: 8 Եթէ նոյնիսկ մենք կամ երկնքից մի հրեշտակ աւետարանի ձեզ աւելին, քան այն, որ մենք աւետարանեցինք ձեզ, նզովեա՛լ լինի: 9 Ինչպէս աւելի առաջ էլ ասացինք, հիմա էլ դարձեալ ասում եմ. եթէ մէկն աւետարանի ձեզ աւելին, քան ինչ որ դուք ընդունեցիք, նզովեա՛լ լինի: 10 Արդ, մարդկա՞նց եմ ձգտում հաճոյացնել, թէ՞ Աստծուն. կամ մարդկանց հաճելի լինե՞լ եմ ուզում: Եթէ ջանայի մարդկանց հաճելի լինել, ապա Քրիստոսին ծառայ չէի լինի: