11 Յայտնում եմ ձեզ, եղբայրնե՛ր, թէ այն աւետարանը, որ ես ձեզ աւետարանեցի, մարդկային աւետարան չէ. 12 քանզի ես մարդուց չառայ այն, ոչ էլ որեւէ մէկից սովորեցի, այլ՝ Յիսուս Քրիստոսի մի յայտնութիւնից. 13 արդարեւ, դուք լսած կլինէք հրէութեան մէջ եղածս ժամանակ երբեմնի իմ ընթացքի մասին, թէ ինչքա՜ն էի հալածում Աստծոյ եկեղեցին եւ քանդում էի այն. 14 եւ հրէութեան մէջ աւելի առաջ էի գնացել, քան իմ շատ հասակակիցները, որոնք իմ սերնդից էին. շատ աւելի նախանձախնդիր էի իմ հայրենի աւանդութիւններին: 15 Բայց երբ կամեցաւ Աստուած (նա ընտրել էր ինձ իմ մօր որովայնից եւ կոչեց իր շնորհների միջոցով) 16 յայտնել ինձնով իր Որդուն, որպէսզի աւետարանեմ նրան հեթանոսների մէջ, այն ժամանակ իսկոյն ոչ մէկի խորհրդին չդիմեցի, 17 ոչ էլ Երուսաղէմ բարձրացայ նրանց մօտ, որ ինձնից առաջ առաքեալներ էին, այլ գնացի Արաբիա եւ վերադարձայ Դամասկոս: 18 Ապա երեք տարի յետոյ ելայ Երուսաղէմ՝ տեսնելու Պետրոսին, եւ տասնհինգ օր նրա մօտ մնացի: 19 Առաքեալներից ոչ ոքի չտեսայ, բացի Յակոբոսից՝ Տիրոջ եղբօրից: 20 Եւ ինչ որ գրում եմ ձեզ – ահաւասիկ Աստծոյ առաջ եմ ասում – չեմ ստում: 21 Ապա եկայ Ասորիք եւ Կիլիկիայի կողմերը. 22 եւ ես անձնապէս անծանօթ էի եկեղեցիների հաւատացեալներին, որոնք, թլփատուած լինելով, դարձել էին ի Քրիստոս. 23 բայց լսել էին, թէ՝ «Նա, որ մեզ այն ժամանակ հալածում էր, այժմ քարոզում է այն հաւատը, որը մի ժամանակ քանդում էր»: 24 Եւ ինձնով փառաւորում էին Աստծուն: