11 Եւ երբ Կեփասն Անտիոք եկաւ, ընդդիմացայ նրան, որովհետեւ մեղադրելի ընթացքի մէջ էր. 12 քանզի մինչ Յակոբոսի շրջանակից ոմանք դեռ չէին եկել, նա հեթանոսների հետ էր ուտում անխտիր, իսկ երբ եկան, բաժանուեց եւ մի կողմ քաշուեց՝ վախենալով թլփատութեան կողմնակիցներից: 13 Եւ ուրիշ հրեաներ էլ կեղծաւորութիւն արեցին նրա հետ. մինչեւ իսկ Բառնաբասը ներքաշուեց նրանց կեղծաւորութեան մէջ: 14 Իսկ երբ տեսայ, որ ուղիղ չեն ընթանում աւետարանի ճշմարտութեամբ, բոլորի առաջ Կեփասին ասացի. «Եթէ դու, որ հրեայ ես, հեթանոսի նման ես ապրում եւ ոչ՝ հրեայի նման, ինչո՞ւ ես ստիպում հեթանոսներին, որ հրեայի նման լինեն»: 15 Իսկ մենք, որ իսկական հրեաներ ենք եւ ոչ թէ՝ այդ հեթանոս մեղաւորներից, 16 գիտենք, որ մարդ չի արդարանայ օրէնքի գործերով, այլ միայն՝ Յիսուս Քրիստոսի հաւատով. եւ մենք հաւատացինք Քրիստոս Յիսուսին, որպէսզի արդարանանք Քրիստոսի հաւատով եւ ոչ թէ՝ օրէնքի գործերով. քանի որ ոչ մի մարդկային էակ չի արդարացուելու օրէնքի գործերով: 17 Իսկ եթէ, Քրիստոսով արդարանալ ուզելով, մեղաւոր գտնուեցինք, ապա ուրեմն Քրիստոս մեղքի՞ն ծառայեց. քա՛ւ լիցի. 18 որովհետեւ եթէ ինչ որ ես քանդեցի, նոյնը վերստին շինեմ, ապա ինքս ապացուցած կլինեմ, որ մեղաւոր եմ. 19 քանի որ ես օրէնքի տակ մեռայ օրէնքի համար, որպէսզի ապրեմ Աստծոյ համար: 20 Քրիստոսի հետ խաչը ելայ. կենդանի եմ այսուհետեւ. բայց ոչ թէ՝ ես, այլ իմ մէջ ապրում է Քրիստոս: