1 Այնուհետեւ Տէրը նշանակեց ուրիշ եօթանասուներկու հոգու եւս եւ նրանց իրենից առաջ երկու-երկու ուղարկեց այն բոլոր քաղաքներն ու վայրերը, ուր ինքը գնալու էր: 2 Եւ նրանց ասաց. «Հունձն առատ է, իսկ մշակները՝ սակաւ: Արդ, խնդրեցէ՛ք հնձի Տիրոջը, որ մշակներ ուղարկի իր հնձի համար: 3 Գնացէ՛ք, ահա ուղարկում եմ ձեզ իբրեւ գառներ գայլերի մէջ: 4 Մի՛ վերցրէք ո՛չ քսակ, ո՛չ մախաղ, ո՛չ կօշիկներ եւ ճանապարհին ոչ ոքի ողջոյն մի՛ տուէք: 5 Որ տունը մտնէք, նախ ասացէ՛ք. “Խաղաղութի՜ւն այս տանը”. 6 եթէ այնտեղ կայ խաղաղասէր մարդ, ձեր խաղաղութիւնը նրա վրայ կհանգչի. ապա թէ ոչ՝ ձեզ կվերադառնայ: 7 Նոյն տանը գիշերեցէ՛ք, կերէ՛ք եւ խմեցէ՛ք նրանց ունեցածից, որովհետեւ մշակը արժանի է իր վարձին. տնից տուն մի՛ տեղափոխուէք: