12 Հոկտեմբեր, Շբ
1 Եղբայրնե՛ր, եթէ ձեզնից մէկը ինչ-որ յանցանքի մէջ բռնուի յանկարծ, դուք, որ հոգեւոր էք, վերահաստատեցէ՛ք նրան հեզութեան ոգով. զգո՛յշ եղէք ինքներդ ձեր նկատմամբ, որպէսզի դուք էլ փորձութեան չենթարկուէք: 2 Միմեանց բեռը կրեցէ՛ք եւ այդպիսով կատարեցէ՛ք Քրիստոսի օրէնքը: 3 Եթէ մէկը կարծում է, թէ ինքը մի բան է, եւ սակայն չէ, ինքն իրեն է խաբում: 4 Թող իւրաքանչիւր ոք կշռադատի իր գործը եւ ապա ինքն իր վրայ միայն պարծենայ եւ ոչ թէ՝ ընկերոջ հետ համեմատուելով. 5 որովհետեւ իւրաքանչիւր ոք իր բեռն է կրելու: 6 Աշակերտը թող մասնակից անի ուսուցչին բոլոր բարի բաներում: 7 Չխաբուէք. Աստուած չի ծաղրւում, 8 որովհետեւ ինչ որ մարդը սերմանում է, նոյնը եւ կհնձի. ով սերմանում է իր մարմնի համար, այդ մարմնից էլ կհնձի ապականութիւն. իսկ ով հոգու համար է սերմանում, այդ հոգուց էլ կհնձի յաւիտենական կեանք: 9 Իսկ բարին գործելուց չձանձրանաք, որովհետեւ յարմար ժամանակին պիտի հնձենք, եթէ չթուլանանք: 10 Ահա թէ ինչու, քանի դեռ ժամանակ կայ, բարի՛ն գործենք բոլորի հանդէպ, մանաւանդ՝ հաւատի մէջ մեր հարազատների հանդէպ: 11 Տեսէք, թէ ինչպիսի՜ գրերով գրեցի ձեզ իմ այս ձեռքով. 12 որովհետեւ նրանք, որ ցանկանում են ըստ մարմնի լաւ մարդ երեւալ, նրանք են ստիպում ձեզ, որ թլփատուէք: Միայն թէ Քրիստոսի խաչի յետեւից չգնան. 13 քանզի նրանք, որ թլփատուած են, օրէնքը չեն պահում, բայց ուզում են, որ դուք թլփատուէք, որպէսզի ձեր մարմնով պարծենան: