6 Եւ շրջում էր շրջակայ գիւղերում եւ ուսուցանում: 7 Նա իր մօտ կանչեց տասներկուսին եւ սկսեց ուղարկել նրանց երկու-երկու ու պիղծ ոգիների վրայ նրանց իշխանութիւն տուեց: 8 Նրանց պատուիրեց, որ ճանապարհի համար գաւազանից բացի այլ բան չվերցնեն՝ ո՛չ պարկ, ո՛չ հաց, ո՛չ դրամ գօտիների մէջ, 9 այլ հագնեն հողաթափներ. եւ ասաց. «Աւելորդ պարեգօտ մի՛ վերցրէք»: 10 Եւ ասում էր նրանց. «Ինչ տուն որ մտնէք, այնտեղ օթեւանեցէք, մինչեւ որ այնտեղից ելնէք: 11 Եւ ուր որ ձեզ չեն ընդունի ու ձեզ չեն լսի, երբ որ այնտեղից ելնէք, ձեր ոտքերի փոշին թափ տուէք իբրեւ նրանց դէմ վկայութիւն»: 12 Եւ նրանք ելան ու քարոզում էին, որպէսզի մարդիկ ապաշխարեն: 13 Եւ բազում դեւեր էին հանում, բազում հիւանդների օծում էին իւղով ու նրանց բժշկում: