1 Սիրեցէ՛ք արդարութիւնը, երկրի՛ դատաւորներ: Բարի՛ խորհեցէք Տիրոջ մասին եւ պարզ սրտով փնտրեցէ՛ք նրան: 2 Աստուած պիտի գտնի նրանց, ովքեր չեն փորձում նրան, եւ պիտի երեւայ նրանց, ովքեր թերահաւատ չեն նրա նկատմամբ: 3 Արդարեւ, անիրաւ խորհուրդները բաժանում են մարդուն Աստծուց, իսկ իր զօրութիւնը փորձելու համար Աստուած յանդիմանում է անզգամներին: 4 Իմաստութիւնը չի մտնի չարանենգ անձի մէջ եւ ոչ էլ կբնակուի այն մարմնի մէջ, որ մեղք է գործում: 5 Իմաստուն եւ անբիծ հոգին փախչում է նենգութիւնից ու մերժում անմիտների խորհուրդները, եւ երբ անիրաւութիւն է վրայ հասնում, յանդիմանում է այն: 6 Իմաստուն եւ մարդասէր հոգին չի արդարացնում նրան, ով հայհոյում է իր բերանով, որովհետեւ Աստուած վկայ է նրա ներքին ցանկութիւններին, նրա սրտի ճշմարիտ վերակացուն է եւ նրա լեզուի ունկնդիրը: 7 Արդարեւ, Տիրոջ Հոգին լցնում է տիեզերքը, եւ նա, որ պահում է ամէն ինչ, գիտէ, թէ ով ինչ է բարբառում: