Եբրայեցիներ 3.12-4.10

3.12 Եղբայրնե՛ր, տեսէ՛ք, ձեզնից որեւէ մէկի մէջ թող երբեք չլինի չար ու անհաւատ սիրտ եւ ապստամբի կենդանի Աստծոյ դէմ: 13 Բայց յորդորեցէ՛ք միմեանց ամէն օր, քանի այդ այսօրը դեռ առջեւում է, որպէսզի ձեզնից ոչ ոք չկարծրանայ մեղքի խաբէութեամբ. 14 ահա մասնակից եղանք Քրիստոսին, միայն թէ հաստատ պահենք այն վստահութիւնը, որ ունեցել ենք սկզբից, 15 քանի որ ասուած է. «Այսօր, եթէ նրա ձայնը լսէք, մի՛ կարծրացրէք ձեր սրտերը, ինչպէս բարկութեան ժամանակ»: 16 Քանզի ովքե՞ր էին, որ լսեցին եւ դառնացրին նրան. չէ՞ որ՝ բոլոր նրանք, ովքեր դուրս էին եկել Եգիպտոսից Մովսէսի միջոցով: 17 Ումի՞ց զզուանք զգաց քառասուն տարի. չէ՞ որ՝ յանցանք գործածներից, որոնց ոսկորներն ընկան այնտեղ՝ անապատում: 18 Ո՞ւմ երդուեց, որ չպիտի մտնեն իր հանգստի մէջ, եթէ ոչ՝ անհնազանդներին: 19 Եւ տեսնում ենք, որ նրանք չկարողացան մտնել իրենց անհաւատութեան պատճառով:

4.1 Զգոյշ լինենք ուրեմն, որ նրա հանգստի մէջ մտնելու խոստումից, որ տրուած է մեզ, ձեզնից որեւէ մէկը չզրկուի. 2 քանզի աւետուած է, ինչպէս եւ նրանց: Բայց խօսքը լսելը չօգնեց անապատում եղողներին, որոնք հաւատով չլսեցին այն: 3 Իսկ մենք, որ հաւատացինք, մտնելու ենք այդ հանգստի մէջ, ինչպէս որ նա ասաց՝ «Ինչպէս երդուեցի իմ բարկութեան մէջ՝ ասելով, թէ չպիտի մտնեն իմ հանգստի մէջ», թէեւ նրա գործերը աշխարհի սկզբից կատարուած էին: 4 Քանզի մի տեղ եօթերորդ օրուայ մասին այսպէս է ասուած. «Եւ հանգստացաւ Աստուած եօթերորդ օրը իր բոլոր գործերից»: 5 Եւ այստեղ դարձեալ ասում է, թէ՝ չպիտի մտնեն իմ հանգստի մէջ: 6 Եւ արդ, քանի որ ոմանց արգելուել էր մտնել նրա մէջ, եւ նրանք էլ, որոնց նախապէս աւետուել էր, չմտան անհնազանդութեան պատճառով, 7 դարձեալ նա մի ուրիշ օր է սահմանում՝ այսօրը. երկար ժամանակ յետոյ ասում է, ինչ որ Դաւթի բերանով ասուել է աւելի առաջ. «Այսօր, եթէ նրա ձայնը լսէք, մի՛ կարծրացրէք ձեր սրտերը»: 8 Որովհետեւ եթէ Յեսուն դրանց հանգիստ տուած լինէր, ապա դրանից յետոյ Աստուած ուրիշ օրուայ մասին չէր խօսի: 9 Արդ, ուրեմն, Աստծոյ ժողովրդի համար դեռ մնում է մի ուրիշ հանգստի օր. 10 որովհետեւ ով մտնում է նրա հանգստի մէջ, նա հանգստանում է իր գործերից, ինչպէս Աստուած էլ հանգստացաւ իր գործերից:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․