12 Մայիս, Բշ, Հինանց ԻԳ օր
18 Այսպէս է ասում Տէրը. «Ահաւասիկ ես Յակոբի վտարանդի վրանները կը վերադարձնեմ, ողորմած կը լինեմ նրա գերեալների նկատմամբ. քաղաքը կը վերաշինուի իր բարձունքի վրայ, տաճարն իր կարգ ու կանոնով կը վերականգնուի։ 19 Այնտեղից կը ծաւալուի երգիչների ու պարողների ձայնը։ Պիտի բազմացնեմ նրանց, եւ նրանք չպիտի նուազեն, պիտի տարածեմ նրանց, եւ նրանք չպիտի թուլանան։ 20 Նրանք առաջուայ պէս ելումուտ պիտի անեն. նրանց օրէնքներն իմ աչքին հաստատուն պիտի դառնան։ Դատաստան պիտի կարդամ նրանց նեղողների գլխին, 21 որոնց հանդէպ նրանք աւելի զօրաւոր պիտի լինեն։ Իրենց իշխանը իրենց միջի՛ց պիտի ելնի։ Պիտի հաւաքեմ նրանց, ու նրանք պիտի վերադառնան ինձ մօտ, քանզի ո՞վ ինքն իրեն սիրտ կ՚անի դառնալ Տիրոջ մօտ, - ասում է Տէրը։ - 22 Դուք ինձ համար ժողովուրդ կը լինէք, իսկ ես ձեզ համար կը լինեմ Աստուած»։