«Ահա ես այն օրերին եւ այն ժամանակ կը վերադարձնեմ Հրէաստանին եւ Երուսաղէմին գերութիւնից, 2 կը հաւաքեմ բոլոր ազգերին, կ՚իջեցնեմ նրանց Յոսափաթի ձորը եւ կը դատեմ նրանց այնտեղ՝ իմ ժողովրդի եւ իմ ժառանգութեան՝ Իսրայէլի համար, որին ցրուեցին բոլոր ազգերի մէջ։ 3 Նրանք իմ երկիրը բաժանեցին, իմ ժողովրդի համար վիճակ էին գցում, պատանիներին տալիս էին որպէս պոռնիկների վարձ, աղջիկներին վաճառում էին գինու դիմաց եւ խմում էին։ 4 Եւ դուք տակաւին ի՞նչ ունէք ինձ հետ, ո՛վ Ծուր եւ Ծայդան եւ այլազգիների ո՛ղջ Գալիլիա, մի՞թէ ինչ-որ հատուցում կը տաք ինձ կամ ոխ կը պահէք իմ դէմ. ես շուտով ձեր հատուցումը տագնապով կը բերեմ ձեր գլխին 5 այն բանի փոխարէն, որ իմ արծաթն ու ոսկին առաք իմ ընտիր-ընտիր ու գեղեցիկ անօթները տարաք ձեր մեհեանները 6 ու Յուդայի երկրի եւ Երուսաղէմի որդիներին վաճառեցիք յոյներին, որպէսզի նրանց հեռացնէք իրենց սահմաններից։ 7 Արդ, ես ոտքի կը կանգնեցնեմ նրանց այնտեղ, որտեղ վաճառեցիք նրանց, եւ կը բերեմ ձեր հատուցումը ձեր գլխին։ 8 Ձեր տղաներին եւ ձեր աղջիկներին կը մատնեմ Յուդայի երկրի որդիների ձեռքը, եւ նրանք գերի կը վաճառեն նրանց հեռու-հեռաւոր մի ազգի, քանի որ Տէ՛րը խօսեց»։