Գրքեր

Կողոսացիներ 1:24-2:7

24եթէ ամուր ու անսասան մնաք հաւատի մէջ եւ անխախտ՝ յոյսի մէջ այն Աւետարանի, որ լսեցիք եւ որ քարոզուեց երկնքի տակ գտնուող բոլոր արարածներին, եւ որին ես՝ Պօղոսը, սպասաւոր եղայ։ 25Եւ այժմ ուրախ եմ ձեզ համար կրած իմ չարչարանքների համար եւ լրացնում եմ իմ մարմնի մէջ Քրիստոսի նեղութիւնների պակասը իր մարմնի համար, որ է եկեղեցին. 26դրան ես՝ Պօղոսը, սպասաւոր եղայ ըստ Աստծու տնտեսութեան, որ տրուեց ինձ՝ ձեր մէջ կատարելապէս քարոզելու Աստծու խօսքը, 27այն խորհուրդը, որ ծածկուած էր դարերից եւ սերունդներից, եւ որ այժմ յայտնուեց իր սրբերին. 28Աստուած ուզեց ցոյց տալ նրանց, թէ փառքի ինչ ճոխութիւն կայ այս խորհրդի մէջ հեթանոսների համար. եւ այդ խորհուրդը այս է. Քրիստոս՝ փառքի յոյսը, ձեր մէջ։ 29Այդ Քրիստոսն ենք քարոզում մենք, յորդորում ենք ամէն մարդու եւ ուսուցանում ամէն մարդու ամենայն հոգեւոր իմաստութեամբ, որպէսզի ամէն մարդու կատարեալ դարձնենք ի Քրիստոս Յիսուս, 30որի համար եւ աշխատում ու պայքարում եմ ըստ նրա այն ուժի, որ գործում է իմ մէջ զօրութեամբ։ 
2 Ուզում եմ, որ դուք գիտենաք, թէ ինչպիսի նեղութիւն եմ կրում ձեզ համար եւ լաւոդիկեցիների համար եւ բոլոր նրանց համար, որոնք իմ երեսը չեն տեսել անձնապէս, 2որպէսզի մխիթարուեն նրանց սրտերը, մէկտեղուեն սիրով եւ հասնեն կատարեալ իմաստութեան ճոխութեանը՝ ճանաչելու համար Աստծու խորհուրդը, որ յայտնուած է ի Քրիստոս Յիսուս, 3որի մէջ պահուած են գիտութեան եւ իմաստութեան բոլոր գանձերը։ 4Եւ այս բանն ասում եմ, որպէսզի ոչ ոք ձեզ չմոլորեցնի պատիր խօսքերով. 5որովհետեւ, թէպէտեւ հեռու եմ մարմնով, բայց հոգով ձեզ հետ եմ. ուրախանում եմ, երբ տեսնում եմ ձեր բարի վարքը եւ ձեր հաւատի ամրութիւնը ի Քրիստոս Յիսուս։ 6Արդ, ինչպէս որ ընդունեցիք Քրիստոս Յիսուսին՝ Տիրոջը, այնպէս էլ ընթացէ՛ք նրանով՝7արմատաւորուած եւ կառուցուած նրա վրայ, հաստատ մնալով հաւատի մէջ, ինչպէս որ ուսանեցիք, որպէսզի աճէք նրա մէջ գոհութեամբ։

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․