Գրքեր

Հռոմեացիներ 13:11-14:23

11Այս էլ իմացէ՛ք ներկայ ժամանակիս մասին, որովհետեւ հիմա ճիշտ ժամն է, որ մենք քնից զարթնենք. քանի որ փրկութիւնն այժմ մեզ աւելի մօտ է, քան երբոր մենք հաւատացինք։ 12Գիշերն անցաւ, եւ ցերեկը մօտեցաւ. ուրեմն դէ՛ն գցենք խաւարի գործերը եւ հագնենք լոյսի զրահը. 13շարժուենք առաքինութեամբ, ինչպէս ցերեկով, ո՛չ անառակութիւններով եւ հարբեցողութեամբ, ո՛չ պոռնկութեամբ եւ պղծութեամբ, ո՛չ նախանձով եւ կռուազանցութեամբ.14զգեստաւորուեցէ՛ք Տէր Յիսուս Քրիստոսով եւ մարմնին խնամք մի՛ տարէք ցանկութիւնները գոհացնելու համար։ 
14 Հաւատի մէջ տկարացածին ընդունեցէ՛ք՝ ո՛չ երկմիտ տարակուսանքով։ 2Մէկը հաւատում է, թէ կարելի է ուտել ամէն բան. իսկ ով տկար է հաւատի մէջ, բանջարեղէն է ուտում. 3ով ուտում է, թող չարհամարհի նրան, որ չի ուտում. իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է, քանզի Աստուած նրան ընդունեց։ 4Դու ո՞վ ես, որ դատում ես ուրիշի ծառային. կանգնած լինի, թէ ընկած՝ իր տիրոջ համար է. բայց նա կը կանգնի, որովհետեւ կարո՛ղ է Տէրը նրան կանգուն պահել։ 5Մէկը բարձր է դասում օրը՝ օրից, իսկ միւսը՝ բոլոր օրերը՝ հաւասար. իւրաքանչիւր ոք թող շարժուի, ինչպէս ինքն է դատում։ 6Ով օրուայ վրայ է ուշ դնում, Տիրոջ համար է այդ անում. եւ ով օրուայ վրայ ուշ չի դնում, Տիրոջ համար է, որ ուշ չի դնում. եւ ով ուտում է, Տիրոջ համար է ուտում եւ գոհութիւն է յայտնում Աստծուն. եւ ով չի ուտում, Տիրոջ համար չի ուտում եւ գոհութիւն է յայտնում Աստծուն։ 7Արդարեւ, մեզնից ոչ ոք իր համար չի ապրում եւ իր համար չի մեռնում. 8եթէ ապրում ենք, Տիրոջ համար ենք ապրում. եւ եթէ մեռնում ենք, Տիրոջ համար ենք մեռնում։ Եւ արդ, ապրենք թէ մեռնենք, Տիրոջն ենք. 9քանզի այս բանի համար իսկ Քրիստոս մեռաւ ու կենդանացաւ, որպէսզի մեռելներին եւ կենդանիներին հաւասարապէս տիրի։ 10Դու ինչո՞ւ ես դատում քո եղբօրը, կամ ինչպէ՞ս ես արհամարհում քո եղբօրը, քանի որ բոլորս էլ կանգնելու ենք Քրիստոսի ատեանի առաջ, 11որովհետեւ գրուած է.12Ապա ուրեմն՝ մեզնից իւրաքանչիւր ոք Աստծուն հաշիւ է տալու իր համար։ 13Ուստի, միմեանց չդատենք. աւելի շատ այս բանը դրէք ձեր մտքում՝ եղբօր առաջ գայթակղութեան քար չդնել։ 14Այս գիտեմ եւ վստահ եմ Քրիստոս Յիսուսով, որ ինքն իրենից չկայ պիղծ բան, այլ, ով կարծում է, թէ մի բան պիղծ է, այդ իր համար է պիղծ. 15որովհետեւ, եթէ ուտելիքի համար քո եղբայրը տրտմում է, այլեւս սիրով չես վարւում։ Քո ուտելիքով կորստեան մի՛ մատնիր նրան, որի համար մեռաւ Քրիստոս։16Ձեր բարին թող առիթ չծառայի չարախօսութեան, 17որովհետեւ Աստծու արքայութիւնը ուտելիք եւ ըմպելիք չէ, այլ՝ արդարութիւն եւ խաղաղութիւն եւ խնդութիւն Սուրբ Հոգով. 18որովհետեւ, ով այս ձեւով ծառայում է Քրիստոսին, հաճելի է Աստծուն եւ գովելի՝ մարդկանց առաջ։ 19Ապա ուրեմն՝ հետամուտ լինենք խաղաղութեան եւ շինութեան՝ միմեանց հանդէպ։ 20Ուտելիքի համար Աստծու գործը մի՛ քանդիր. ամենայն ինչ մաքուր է, բայց վատ է այն մարդու համար, որ ուտում է կասկածամտութեամբ։ 21Լաւ է չուտել միս եւ չխմել գինի, ոչ էլ անել մի բան, որով քո եղբայրը գայթակղւում է կամ սայթաքում կամ տկարանում։ 22Դու, արդարեւ, հաւատ ունես. պահի՛ր այն քեզ համար Աստծու առաջ։ Երանի՜ նրան, ով չի դատապարտում իր անձը նրանով, որ փորձում է ընկերոջը. 23բայց ով կասկածում է, թէպէտ եւ ուտում է, դատապարտուած է, քանի որ այդ ըստ հաւատի չէ, որովհետեւ ամենայն ինչ, որ հաւատից չէ, մեղք է։

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․