Գրքեր

Ա Թագավորներ 1:1-23

Արիմաթէմ Սիբայից՝ Եփրեմի լեռից եկած Եղկանա անունով Նասիբ Եփրեմցի մի մարդ կար։ Նա Թոկիի որդի Հեղիի որդի Յերեմիէլի որդին էր։ 2Նա երկու կին ունէր. մէկի անունն էր Աննա, իսկ երկրորդինը՝ Փեննանա։ 3Փեննանան ունէր որդիներ, իսկ Աննան որդի չունէր։ Այդ մարդը տարէցտարի ելնում էր իր Արիմաթէմ քաղաքից, գնում էր Սելով զօրութիւնների Տէր Աստծուն երկրպագելու եւ զոհ մատուցելու։ Այնտեղ էին նաեւ Հեղին եւ նրա երկու որդիները՝ Օփնին ու Փենեէսը, որոնք Տիրոջ քահանաներն էին։ 4Եղկանան իր զոհ մատուցած օրը իր կին Փեննանային, նրա որդիներին ու դուստրերին բաժիններ տուեց։5Իսկ Աննային մէկ բաժին տուեց, քանզի նա որդի չունէր։ Եղկանան, սակայն, Աննային առաւել էր սիրում, քան Փեննանային, քանզի Տէրը փակել էր նրա արգանդը, որպէսզի նրան որդի չպարգեւելով՝ տառապանք ու տրտմութիւն պատճառի նրան։ 6Եղկանան տրտմել էր, որ Տէրը փակել էր նրա արգանդը, որպէսզի նրան որդի չպարգեւի։ 7Նա ամէն տարի Տիրոջ տունը գալով՝ այդպէս էր վարւում, բայց Աննան տրտմում էր, լալիս եւ ոչինչ չէր ուտում։ 8Նրա ամուսին Եղկանան ասաց նրան. «Աննա»։ Սա ասաց. «Այստեղ եմ, տէ՛ր»։ Եղկանան ասաց նրան. «Ինչո՞ւ ես լալիս, ինչո՞ւ չես ուտում, եւ ինչո՞ւ է հոգիդ ալեկոծւում, մի՞թէ ես քեզ համար տասը որդուց լաւ չեմ»։ 9Նրա հետ ուտելուց յետոյ Աննան եկաւ Սելով ու կանգնեց Տիրոջ առջեւ։ 10Հեղի քահանան նստել էր մի աթոռի վրայ, Տիրոջ տաճարի սեմի մօտ։ Նա վշտահար հոգով աղօթեց Տիրոջը ու դառնօրէն լաց եղաւ եւ ասաց. 11«Իսրայէլի Տէ՛ր Աստուած, զօրութիւնների՛ Տէր, եթէ կամենաս տեսնել քո աղախնի տառապանքները, ինձ յիշես ու արու զաւակ տաս քո աղախնին, մինչեւ նրա մահուան օրը քեզ կը նուիրեմ նրան, նա գինի չի խմի ու չի հարբի եւ նրա գլխին ածելի չի դիպչի»։ 12Նա երկար աղօթեց Տիրոջ առաջ, եւ Հեղի քահանան հետեւելով նրա շրթունքներին՝ նկատեց, որ աղօթում է մտքում. շրթունքները չէին շարժւում։ 13Ձայնը լսելի չէր, բայց Տէրը լսեց նրան։ 14Հեղին կարծեց, թէ նա հարբած է, ուստի Հեղիի սպասաւորն ասաց Աննային. «Մինչեւ ե՞րբ հարբած վիճակում ես մնալու, սթափուի՛ր գինովութիւնից ու գնա հեռացի՛ր Տիրոջ առջեւից»։ 15Պատասխան տալով Աննան ասաց. «Ո՛չ, Տէ՛ր, այդպէս չէ։ Ես վշտացած սրտով կին եմ։ Ո՛չ գինի եմ խմել, ո՛չ էլ հարբած եմ։ Ես իմ սիրտն եմ բացել Տիրոջ առջեւ։16Քո աղախնին անզգամ կին մի՛ համարիր, ես իմ բազում տրտմութիւնից եւ իմ տխրութիւնից մտամոլոր կանգնել եմ մինչեւ այժմ»։ 17Պատասխան տուեց Հեղին եւ ասաց. «Գնա՛ խաղաղութեամբ եւ Իսրայէլի Աստուածը թող կատարի նրանից հայցած քո բոլոր խնդրանքները»։ 18Աննան ասաց. «Քո աղախինը շնորհ գտաւ քո առաջ»։ Եւ կինը գնաց իր ճանապարհով, մտաւ իր կացարանը, կերաւ ու խօսեց իր ամուսնու հետ, եւ իր երեսից վերացաւ տխրութիւնը։19Առաւօտ կանուխ նրանք երկրպագեցին Տիրոջը եւ գնացին իրենց ճանապարհով։ Եղկանան մտաւ Արիմաթէմում գտնուող իր տունը ու մերձեցաւ իր կնոջը՝ Աննային։ 20Տէրը նրան յիշեց, եւ կինը յղիացաւ։ Երբ ժամանակը հասաւ, ծնեց որդի, որի անունը դրեց Սամուէլ՝ ասելով, թէ՝ «Նրան զօրութիւնների Տէր Աստծուց եմ խնդրել»։ 21Նրա ամուսինը՝ Եղկանան ու իր ամբողջ ընտանիքը եկան Սելով՝ տարուայ զոհը մատուցելու։ 22Նա իր ուխտ արած ընծաներն ու ամբողջ ունեցուածքի տասանորդը ընծայեց։ Բայց Աննան չգնաց նրա հետ եւ ասաց իր ամուսնուն. «Մնամ այստեղ, մինչեւ մանկանը կրծքից կտրեմ, ապա կը տանեմ նրան, որ ներկայանայ Տիրոջ առջեւ եւ այնտեղ ծառայի ընդմիշտ»։ 23Նրա ամուսին Եղկանան նրան ասաց. «Արա՛ այնպէս, ինչպէս յարմար ես գտնում. նստի՛ր այստեղ մինչեւ նրան կտրես կրծքից։ Թող Տէրը կատարի այն, ինչ ելաւ քո բերանից»։ Կինը նստեց եւ կերակրեց իր որդուն, մինչեւ նրան կրծքից կտրելը։

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․