Գրքեր

Բ Օրենք 7:11-8:1

11Պէտք է պահես քեզ հաղորդած իմ պատուիրանները, օրէնքներն ու կանոնները»։ 12«Եթէ ենթարկուես այս բոլոր օրէնքներին եւ պահես ու գործադրես դրանք, ապա քո Տէր Աստուածը կը կատարի իր արած ուխտն ու ողորմածութիւնը, ինչպէս որ երդուել է մեր հայրերին։ 13Նա կը սիրի, կ՚օրհնի ու կը բազմացնի քեզ։ Նա կ՚օրհնի քո որովայնի ծնունդները, քո երկրի բերքը՝ ցորենը, գինին ու իւղը, քո արջառների նախիրները, քո ոչխարների հօտերը այն երկրում, որ երդուեց Տէրը տալ քո հայրերին։ 14Օրհնեալ կը լինես դու, քան բոլոր ազգերը։ Դու եւ քո անասունները ամուլ ու ստերջ չէք լինի։15Տէրը քեզանից կը վերացնի բոլոր հիւանդութիւնները։ Եգիպտացիների բոլոր սոսկալի ցաւերը, որոնք դու տեսար եւ իմացար, Տէրը քեզ վրայ չի բերի, այլ դրանք կը տայ քո թշնամիներին եւ բոլոր քեզ ատողներին։ 16Դու կը սպառես աւարն այն բոլոր ազգերի, որոնց քո ձեռքն է մատնել քո Տէր Աստուածը։ Քո աչքը թող չխնայի նրանց, եւ չպաշտես նրանց կուռքերը, որովհետեւ նրանք քեզ համար որոգայթ են»։ 17«Եթէ քո մտքում ասես, թէ՝ «Այդ ազգի մարդիկ մեզանից շատ են, ես ինչպէ՞ս կարող եմ կոտորել նրանց», 18ապա մի՛ վախեցիր նրանցից։ Լաւ յիշի՛ր, թէ քո Տէր Աստուածը ինչ բերեց փարաւոնի, նրա ծառաների ու բոլոր եգիպտացիների գլխին. 19ինչպիսի մեծամեծ փորձանքներ, որ քո աչքերը տեսան, ինչպիսի նշաններ, մեծագործութիւններ, որ նա արեց ամուր ձեռքով եւ հզօր բազկով։ Ինչպէս որ քո Տէր Աստուածը քեզ դուրս բերեց այնտեղից, նոյնը կ՚անի քո Տէր Աստուածը այն բոլոր ազգերի նկատմամբ, որոնցից վախենում ես դու։ 20Քո Տէր Աստուածը նրանց վրայ իշամեղուներ կ՚ուղարկի, մինչեւ որ կոտորուեն վերապրողները եւ նրանք, որ թաքնուել են քեզանից։ 21Մի՛ վախեցիր նրանց ներկայութիւնից, որովհետեւ քո մեծ ու հզօր Տէր Աստուածը քո մէջ է։ 22Քո Տէր Աստուածը այդ ազգերին քո ներկայութիւնից կը վերացնի սակաւ առ սակաւ։ Դու չես կարող նրանց միանգամից կոտորել, որպէսզի երկիրն ամայի չդառնայ, եւ անապատի գազանները չբազմանան քո շուրջը։ 23Քո Տէր Աստուածը նրանց կը յանձնի քո ձեռքը եւ նրանց կը կոտորի մեծ պատուհասների մատնելով, մինչեւ որ մէջտեղից վերացնի նրանց։ 24Նա նրանց թագաւորներին կը յանձնի քո ձեռքը, եւ դու նրանց անունները կը ջնջես երկրի երեսից։ Ոչ ոք չի կանգնի քո դէմ, մինչեւ որ բնաջնջես նրանց։ 25Նրանց կռածոյ աստուածները կ՚այրես հրով։ Դրանց վրայ եղած արծաթի ու ոսկու վրայ աչք չունենաս, չվերցնես դրանք, որպէսզի դրանով մեղք գործած չլինես. դա քո Տէր Աստծու համար գարշելի է։ 26Այդպիսի պիղծ բան չտանես քո տունը, որպէսզի դու էլ դրա նման նզովուած չլինես։ Դու պէտք է բոլորովին զզուես եւ պիղծ համարես դա, որովհետեւ դա նզովուած է»։ 
8 «Տեսէ՛ք, որ կատարուեն ձեզ հաղորդած իմ բոլոր պատուիրանները, որպէսզի ապրէք, բազմապատկուէք, մտնէք ու ժառանգէք այն երկիրը, որ Տէրը երդուեց տալ մեր հայրերին։ 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․