Գրքեր

Բ Օրենք 8:11-9:10

11Զգո՛յշ եղիր, չլինի թէ մոռանաս քո Տէր Աստծուն, չպահես նրա պատուիրանները, նրա այն կանոններն ու օրէնքները, որ ես հաղորդում եմ քեզ։ 12Այնպէս չլինի, որ ուտելուց ու կշտանալուց յետոյ, գեղեցիկ տներ կառուցելուց ու դրանց մէջ բնակուելուց յետոյ, 13քո արջառն ու ոչխարը բազմանալուց յետոյ, քո արծաթն ու ոսկին շատանալուց յետոյ, քո ունեցած ամէն ինչը բազմանալուց յետոյ, 14գոռոզամտանաս ու մոռանաս քո Տէր Աստծուն, որը քեզ դուրս բերեց Եգիպտացիների երկրից՝ ստրկութեան տնից,15քեզ անցկացրեց մեծ ու ահազդու անապատի միջով, ուր օձն ու կարիճն են խայթում, ծարաւը տանջում, ուր ջուր չկար, բայց նա քեզ համար ապառաժ քարից ջրի աղբիւր բխեցրեց։ 16Նա քեզ անապատում կերակրեց քո հայրերին անծանօթ մանանայով, որպէսզի քեզ տանջի ու փորձի եւ վերջում բարութիւն անի քեզ։ 17Մի՛ ասա քո մտքում, թէ՝ «Իմ ուժով ու ձեռքի զօրութեամբ եմ տիրացել ես այս մեծ հարստութեան»,18այլ յիշի՛ր քո Տէր Աստծուն, որովհետեւ նա է քեզ ուժ տալիս այդ հարստութեան հասնելու համար, որպէսզի հաստատի իր այն ուխտը, որ դրել է քո հայրերի հետ, ինչպէս տեսնում ես այսօր։ 19Եթէ պատահի, որ մոռանաս քո Տէր Աստծուն, գնաս օտար աստուածների յետեւից, ծառայես ու երկրպագես դրանց, ապա այսօր երդւում եմ երկնքով ու երկրով, որ դուք անհետ կը կորչէք։ 20Եթէ չլսէք ձեր Տէր Աստծու ձայնը, կը կորչէք այնպէս, ինչպէս կորան միւս ազգերը, որոնց վերացրեց Տէրը ձեր առջեւից»։ 
9 «Լսի՛ր, Իսրայէ՜լ։ Այսօր դու անցնում ես Յորդանան գետից այն կողմ, որպէսզի մտնես ու նուաճես քեզանից մեծ ու հզօր ժողովուրդներ, մեծամեծ ու մինչեւ երկինք հասնող պարսպապատ քաղաքներ, 2մեծ, բազմամարդ ու բարձրահասակ մի ժողովուրդ՝ Ենակի յետնորդներին, որոնց դու ինքդ ճանաչում ես։ Դու լսել ես այն խօսքը, թէ՝ «Ո՞վ կարող է դէմ կանգնել Ենակի յետնորդներին»։ 3Դու այսօր կ՚իմանաս, որ քո Տէր Աստուածն ինքը, որպէս լափող կրակ, գնալու է քո առջեւից։ Նա կոտորելու է, ոչնչացնելու է նրանց քո աչքի առջեւ, կոտորելու է նրանց ու ոչնչացնելու անմիջապէս, ինչպէս որ ասաց քեզ Տէրը։ 4Երբ քո Տէր Աստուածը քո առջեւ սպանի նրանց, քո մտքում մի՛ ասա, թէ՝ «Իմ արդար լինելու համար է, որ Տէրը ինձ բերել է այստեղ, որպէսզի ժառանգեմ այս լաւ երկիրը»։ Ոչ թէ քո արդար լինելու, այլ այդ ազգերի ամբարիշտ լինելու համար է, որ քո Տէր Աստուածը կոտորում է նրանց քո աչքի առջեւ։ 5Ոչ թէ քո արդար լինելու եւ քո հոգու մաքուր լինելու համար ես մտնում նրանց երկիրը, որպէսզի ժառանգես այն, այլ այդ ազգերի անօրէնութեան համար է քո Տէր Աստուածը վերացնում նրանց քո առջեւից, որպէսզի հաստատի մեր հայրերին՝ Աբրահամին, Իսահակին ու Յակոբին երդումով արած իր ուխտը։ 6Դու այսօր կ՚իմանաս, թէ քո արդար լինելու համար չէ, որ քո Տէր Աստուածը իբրեւ ժառանգութիւն քեզ լաւ երկիր է տալիս, որովհետեւ դու կամակոր ժողովուրդ ես»։ 7«Յիշի՛ր, մի՛ մոռացի՛ր, թէ որքան ես անապատում բարկացրել քո Տէր Աստծուն։ Այն օրից սկսած, ինչ դուրս եկաք Եգիպտացիների երկրից ու ելաք մինչեւ այս վայրը, ըմբոստանալով էիք գալիս տէրունական այս վայրը։ 8Քորէբում բարկացրիք Տիրոջը, եւ Տէրը զայրացաւ ձեզ կոտորելու աստիճան, 9երբ ես լեռն էի բարձրանում, որպէսզի ստանամ քարէ տախտակները, ուխտի այն տախտակները, որ Տէրը խոստացել էր տալ ձեզ։ Ես քառասուն օր, քառասուն գիշեր մնացի լերան վրայ, հաց չկերայ, ջուր չխմեցի. 10Տէր Աստուածն ինձ տուեց իր իսկ ձեռքով գրած քարէ երկու տախտակներ։ Դրանց վրայ գրուած էին բոլոր այն պատգամները, որ Տէրը լերան վրայ հաղորդել էր ձեր հաւաքի օրը։

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․