Գրքեր

Եսայի 66:1-24

Այսպէս է ասում Տէրը. «Երկինքն իմ աթոռն է, եւ երկիրը՝ իմ ոտքերի պատուանդանը։ Ի՞նչ տուն պիտի շինէք ինձ համար, -ասում է Տէրը, -եւ կամ իմ հանգստեան տեղն ինչպիսի՞ն պիտի լինի։ 2Չէ՞ որ այդ ամէնն իմ ձեռքը պատրաստեց, եւ ամէն ինչ իմն է, -ասում է Տէրը. -ու ես ո՞ւմ եմ նայելու, եթէ ոչ հեզերին ու խոնարհներին եւ նրանց, ովքեր դողում են իմ խօսքից։ 3Բայց անօրէնը, որ ինձ եզ է զոհաբերում, նոյնն է, թէ մարդու գանգ է ջախջախում, իսկ նա, որ ոչխար է զոհաբերում, նոյնն է, թէ շուն է մորթում, իսկ նա, որ ընտիր ալիւր է ընծայաբերում, նոյնն է, թէ խոզի արիւն է թափում, իսկ նա, որ յիշատակների խնկարկման համար կնդրուկ է մատուցում, նոյնն է, թէ հայհոյում է։ Նրանք ընտրեցին իրենց ճանապարհներըեւ իրենց այն գարշելի բաները, որոնք ախորժելի էին իրենց հոգիներին։ 4Ու ես պիտի բռնեմ նրանց խաբէութիւնները եւ հատուցեմ նրանց ըստ իրենց մեղքերի, որովհետեւ կանչեցի, բայց ինձ չլսեցին, խօսեցի, բայց ականջ չդրին, չարիք գործեցին իմ առաջ եւ ընտրեցին այն, ինչ ես չէի կամենում»։ 5Տիրոջ պատգամնե՛րը լսեցէք դուք, որ դողում էք նրա խօսքերից։Ո՛վ մեր եղբայրներ, խօսեցէ՛ք ձեր ատելիների եւ ձեզ զզուանք պատճառողների հետ, որպէսզի փառաւորուի Տիրոջ անունն ու այն յայտնուի ձեր ուրախութեան ժամին, եւ նրանք ամաչեն։ 6Աղաղակի ձայն է հնչում քաղաքից, ձայն՝ տաճարից. Տիրոջ ձայնն է դա, որ պատժով է հատուցելու թշնամիներին։7Քանի դեռ յղին չէր ծնել, քանի դեռ երկունքի ցաւերը չէին հասել,նա ազատուեց, եւ ծնուեց մի արու զաւակ։ 8Ո՞վ է լսել, ո՞վ է տեսել այսպիսի բան, որ երկիրը մէկ օրում ծննդաբերի, եւ միանգամից մի ամբողջ ազգ ծնուի. քանզի Սիոնը երկունքի ցաւով բռնուեց եւ ծնեց իր մանուկներին։9«Ե՛ս տուեցի քեզ այդ յոյսը, բայց դու ինձ չյիշեցիր, -ասում է Տէրը. -մի՞թէ ես չստեղծեցի ամուլին եւ ծննդկանին», -ասում է քո Աստուածը։10Ուրախացի՛ր, Երուսաղէ՛մ, եւ դուք էլ հաւաքուեցէ՛ք, որպէսզի ցնծաք նրա մէջ. ամէնքդ էլ, որ սիրում էք նրան եւ սուգ էք մտել նրա համար, խնդացէ՛ք եւ ուրախացէ՛ք միասին։ 11Պիտի սնուէք ու յագենաք նրա մխիթարող ստինքներից եւ կուշտ ու պինդ վայելք պիտի առնէք նրա գալիք փառքից։ 12Այսպէս է ասում Տէրը. «Ահա ես դէպի նրանց պիտի դարձնեմ խաղաղութիւնը՝ ինչպէս գետ եւ հեթանոսների փառքը՝ ինչպէս յորդահոս հեղեղ. իրենց ուսերին առած՝ նրանք պիտի բերեն դրանց մանուկներին եւ, իրենց ծնկներին դրած, պիտի գգուեն նրանց։ 13Ինչպէս որ մայրն է գգւում իր մանկանը, այնպէս էլ ես պիտի գգուեմ ձեզ, եւ դուք պիտի մխիթարուէք Երուսաղէմում։ 14Պիտի տեսնէք, ու պիտի խնդան ձեր ծաղկեն, ձեր ոսկորները դալար խոտի պէս պիտի խայտան»։ Տիրոջ ձեռքը պիտի յայտնուի իր բարեպաշտներին եւ սպառնայ անհաւատներին։ 15Ահա գալու է Տէրը ինչպէս կրակ, եւ նրա կառքը՝ ինչպէս մրրիկ, որպէսզի բարկութեամբ տայ իր հատուցումըեւ կրակի բոցով՝ իր արհամարհանքը, 16քանզի համայն երկիրը պիտի դատուի Տիրոջ կրակով, եւ ամէն մի մարմին՝ նրա սրով. շատերը պիտի վիրաւորուեն Տիրոջ ձեռքից։ 17«Նրանք, որ իրենց սրբում եւ մաքրում են իրենց պարտէզների ու սրահների մէջ, որ ուտում են խոզի միս, պիղծ բաներ եւ մուկ, միասին պիտի բնաջնջուեն, -ասում է Տէրը։ - 18Ես նրանց գործերն ու խորհուրդները գիտեմ. պիտի գամ, որպէսզի հաւաքեմ բոլոր ազգերին ու բոլոր լեզուները. թող գան ու տեսնեն իմ փառքը։ 19Նրանց վրայ նշան պիտի թողնեմ։ Նրանց միջից փրկուածներին պիտի ուղարկեմ ազգերի մէջ՝ դէպի Թարսիս ու Փուդ, դէպի Լուդ, Մոսոք եւ Թոբէլ, դէպի Հելլադա եւ հեռաւոր կղզիները, որոնք չեն լսել իմ անունը եւ ոչ էլ իմ փառքն են տեսել. նրանք պիտի պատմեն իմ փառքն ու իմ անունը ազգերի մէջ։ 20Եւ ինչպէս որ Տիրոջ Տանն Իսրայէլի որդիները սաղմոսներով մատուցեցին ինձ իրենց նուէրները, նրանք բոլոր ազգերից Երուսաղէմ սուրբ քաղաքը Տիրոջն ընծայ պիտի բերեն իրենց եղբայրներին՝ կառքերի վրայ հեծած, շքեղազարդ ձիերով ու հովանոցներով հանդերձ, -ասում է Տէրը։ - 21Եւ նրանցից եմ վերցնելու ինձ համար քահանաներ ու ղեւտացիներ, -ասում է Տէրը։ - 22Ինչպէս որ նոր երկինքն ու նոր երկիրը, որ ես եմ ստեղծում, մնալու են իմ առաջ, -ասում է Տէրը, -այդպէս մնալու է եւ ձեր սերունդը։ 23Եւ այնպէս պիտի լինի, որ ամսից ամիս ու շաբաթից շաբաթ իւրաքանչիւր անձ պիտի գայ Երուսաղէմում իմ առաջ երկրպագելու, - ասում է Տէր Աստուածը։ - 24Պիտի ելնեն ու տեսնեն իմ հանդէպ յանցանք կատարած մարդկանց ոսկորները, քանզի նրանց որդը չի մեռնելու, նրանց կրակը չի հանգչելու, նրանք յայտնի պիտի լինեն բոլոր մարմնաւորներին»։

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․