Գրքեր

Գործք 6:8-7:29

8Ստեփանոսը, շնորհներով եւ զօրութեամբ լցուած մի մարդ, ժողովրդի մէջ զարմանալի գործեր եւ մեծամեծ նշաններ էր անում։ 9Ոմանք այն ժողովարանից, որ կոչւում էր լիբիացիների, կիւրենացիների եւ ալեքսանդրիացիների ժողովարան, եւ ոմանք, որ Կիլիկիայից ու Ասիայից էին, Ստեփանոսի հետ վիճելու ելան։ 10Բայց նրանք չէին կարողանում դէմ կանգնել այն իմաստութեանը եւ Հոգուն, որով խօսում էր նա։ 11Այն ժամանակ հրապուրեցին մի քանի մարդկանց, որ ասեն. «Լսեցինք դրա հայհոյական խօսքեր ասելը Մովսէսի եւ Աստծու դէմ»։12Եւ գրգռեցին ժողովրդին, քահանաներին ու օրէնսգէտներին. եւ յարձակուելով Ստեփանոսի վրայ՝ յափշտակեցին նրան ու տարան ատեան։ 13Եւ բերեցին կանգնեցրին սուտ վկաներ, որոնք ասում էին. «Այս մարդը չի դադարում հայհոյական խօսքեր ասել այս սուրբ տեղի եւ օրէնքի դէմ. 14լսեցինք դրա բերանից, որ ասում էր, թէ՝ «Յիսուս Նազովրեցին ինքը պիտի քանդի այս տաճարը եւ փոխի այն օրէնքը, որ Մովսէսը մեզ տուեց»։ 15Եւ բոլոր նրանք, որ նստած էին ատեանում, նրան նայելով՝ տեսան, որ նրա երեսը հրեշտակի երեսի նման էր։ 
7 Քահանայապետն ասաց Ստեփանոսին. «Իսկապէս դա այդպէ՞ս է»։2Եւ նա ասաց. «Եղբայրե՛ր եւ հայրե՛ր, լսեցէ՛ք ինձ. փառքի Աստուածը երեւաց մեր հօրը՝ Աբրահամին, մինչ նա դեռ Միջագետքում էր, եւ նրան Խառանում դեռ չէր բնակեցրել, ու ասաց նրան. 3«Դո՛ւրս ել քո երկրից եւ քո տոհմից ու արի՛ այն երկիրը, որ քեզ ցոյց կը տամ»։ 4Այն ժամանակ Աբրահամը ելնելով քաղդէացիների երկրից՝ բնակուեց Խառանում. եւ նրա հօր մահից յետոյ այնտեղից Աստուած փոխադրեց պանդխտեցրեց նրան այս երկիրը, ուր դուք այժմ բնակւում էք։ 5Այստեղ նրան եւ ոչ մի ժառանգութիւն չտուեց, ոչ իսկ մի ոտնաչափ տեղ, բայց խոստացաւ նրան այս տեղը տալ բնակութեան համար եւ իրենից յետոյ՝ նրա սերնդին, երբ դեռ նա որդի չունէր։ 6Աստուած այսպէս խօսեց. «Նրա սերունդը օտար երկրում պանդուխտ պիտի լինի, եւ նրան ծառայ պիտի դարձնեն ու չորս հարիւր տարի պիտի չարչարեն։ 7Եւ այն ազգին, որին նրանք ծառայ պիտի դառնան, ես պիտի դատեմ, - ասում է Աստուած, - եւ սրանից յետոյ պիտի ելնեն ու պիտի պաշտեն ինձ այս տեղում»։ 8Եւ նրան թլփատութեան ուխտ տուեց, ու ապա նա ծնեց Իսահակին եւ թլփատեց նրան ութերորդ օրը. եւ Իսահակը՝ Յակոբին, Յակոբն էլ՝ տասներկու նահապետներին։ 9Եւ նահապետները, Յովսէփին նախանձելով, նրան վաճառեցին, որ Եգիպտոս տարուի. բայց Աստուած նրա հետ էր 10ու ազատեց նրան իր բոլոր նեղութիւններից. եւ նրան շնորհներ ու իմաստութիւն տուեց Եգիպտոսի Փարաւոն թագաւորի առաջ. եւ նրան իշխան կարգեց եգիպտացիներին եւ նրա ամբողջ տան վրայ։ 11Եւ սով եղաւ ամբողջ Եգիպտոսում ու Քանանում. եւ մեծ նեղութիւն կար, եւ մեր հայրերը ուտելիք չէին գտնում։ 12Եւ Յակոբը լսելով, թէ Եգիպտոսում ուտելիք կայ, նախ ուղարկեց մեր հայրերին,13իսկ երկրորդ անգամ Յովսէփը իր եղբայրներին ծանօթութիւն տուեց իր մասին, եւ Փարաւոնին յայտնի եղաւ նրա ազգատոհմը։ 14Յովսէփը մարդ ուղարկեց եւ բերել տուեց Յակոբին՝ իր հօրը եւ ամբողջ ազգատոհմին՝ եօթանասունհինգ հոգի։ 15Եւ Յակոբը Եգիպտոս իջաւ, որտեղ եւ վախճանուեցին ինքը եւ մեր հայրերը։ 16Նրանց մարմինները փոխադրուեցին Սիւքէմ եւ դրուեցին այն քարայրի մէջ, որն Աբրահամը արծաթով գնել էր Եմորի որդիներից՝ Սիւքէմում։ 17Երբ մօտեցաւ աւետեաց ժամանակը, որ Աստուած խոստացել էր Աբրահամին, ժողովուրդը Եգիպտոսում աճեց եւ բազմացաւ, 18մինչեւ որ Եգիպտոսում ելաւ մի ուրիշ թագաւոր, որ չէր ճանաչում Յովսէփին։19Նա հնարքներ բանեցրեց ընդդէմ մեր ազգի եւ չարչարեց մեր հայրերին՝ նրանց զաւակներին ընկեցիկ անել տալով, որ չապրեն։ 20Այդ ժամանակում ծնուեց նաեւ Մովսէսը, որն Աստծու առաջ վայելուչ էր եւ որն իր հօր տանը մեծացաւ երեք ամիս. 21եւ երբ նրան ընկեցիկ արեցին, Փարաւոնի դուստրը նրան վերցրեց եւ նրան մեծացրեց որպէս իրեն որդեգիր։ 22Մովսէսը եգիպտացիների ամբողջ իմաստութեամբ կրթուեց եւ զօրաւոր էր իր խօսքերով եւ գործերով։ 23Երբ նրա քառասուն տարին լրացաւ, նրա սրտում ընկաւ իր եղբայրների՝ իսրայէլացիների մէջ շրջելու միտքը։ 24Եւ նա մի անիրաւուած իսրայէլացու տեսնելով՝ զայրացաւ եւ զրկուածի վրէժը լուծեց եգիպտացուն սպանելով։25Մտածում էր, թէ իր եղբայրները կ՚իմանան, որ Աստուած իր ձեռքով նրանց փրկութիւն է տալու. բայց նրանք չիմացան։ 26Եւ յաջորդ օրը հանդիպեց երկու իսրայէլացիների, երբ նրանք կռիւ էին անում, եւ նրանց ստիպեց խաղաղութիւն անել ու ասաց. «Ո՛վ մարդիկ, եղբայրներ էք, ինչո՞ւ էք միմեանց անիրաւում»։ 27Իսկ նա, ով անիրաւում էր ընկերոջը, մերժեց նրան ու ասաց. «Քեզ ո՞վ իշխան եւ դատաւոր կարգեց մեր վրայ. 28մի՞թէ ինձ էլ սպանել ես ուզում, ինչպէս որ երէկ սպանեցիր եգիպտացուն»։ 29Եւ այս խօսքերի վրայ, Մովսէսը փախաւ ու պանդուխտ եղաւ Մադիամի երկրում, ուր ծնուեցին նրա երկու որդիները։ 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․