Գրքեր

Ավ. ըստ Մատթեոսի 4:12-25

12Եւ երբ Յիսուս լսեց, թէ Յովհաննէսը բանտարկուել է, մեկնեց գնաց Գալիլիա։ 13Եւ թողնելով Նազարէթը՝ եկաւ բնակուեց Կափառնայումում, ծովեզերքի մօտ, Զաբուղոնի եւ Նեփթաղիմի սահմաններում, 14որպէսզի կատարուի Եսայի մարգարէի բերանով ասուած խօսքը. 15«Երկի՛ր Զաբուղոնի եւ երկի՛ր Նեփթաղիմի, ճանապա՛րհ ծովի, միւս ա՛փը Յորդանանի, Գալիլիա՛ հեթանոսների, 16խաւարի մէջ նստած ժողովուրդը մեծ լոյս տեսաւ. եւ լոյս ծագեց նրանց վրայ, որ նստում էին մահուան երկրի եւ ստուերների մէջ»։ 17Դրանից յետոյ Յիսուս սկսեց քարոզել եւ ասել. «Ապաշխարեցէ՛ք, որովհետեւ երկնքի արքայութիւնը մօտեցել է»։18Մինչ Յիսուս Գալիլիայի ծովեզերքով քայլում էր, տեսաւ երկու եղբայրների՝ Սիմոնին, որ Պետրոս էր կոչւում, եւ նրա եղբայր Անդրէասին. ծովի մէջ ուռկան էին գցում, քանի որ ձկնորսներ էին։ 19Եւ նրանց ասաց. «Իմ յետեւի՛ց եկէք, եւ ես ձեզ մարդկանց որսորդներ պիտի դարձնեմ»։ 20Եւ նրանք իսկոյն թողնելով ուռկանները՝ գնացին նրա յետեւից։ 21Եւ այնտեղից առաջ գնալով, տեսաւ երկու այլ եղբայրների՝ Զեբեդէոսի որդի Յակոբոսին եւ նրա եղբայր Յովհաննէսին, մինչ նաւակի մէջ էին իրենց հօր՝ Զեբեդէոսի հետ միասին եւ իրենց ուռկանները կարգի էին բերում. եւ նրանց էլ կանչեց։22Նրանք իսկոյն թողնելով նաւակը եւ իրենց հօրը՝ գնացին նրա յետեւից։ 23Եւ Յիսուս շրջում էր Գալիլիայի բոլոր կողմերը, ուսուցանում էր նրանց ժողովարաններում, քարոզում էր արքայութեան Աւետարանը եւ բժշկում ժողովրդի մէջ եղած բոլոր հիւանդութիւններն ու բոլոր ախտերը։ 24Եւ նրա համբաւը տարածուեց ամբողջ Ասորիքում. եւ նրա մօտ բերեցին բոլոր հիւանդներին, որոնք տառապում էին պէսպէս ցաւերով ու տանջանքներով. ե՛ւ դիւահարների, ե՛ւ լուսնոտների, ե՛ւ անդամալոյծների. եւ նրանց բժշկեց։ 25Եւ Գալիլիայից, Դեկապոլսից, Երուսաղէմից, Հրէաստանից եւ Յորդանանի միւս կողմից բազում ժողովուրդ նրա յետեւից էր գնում. եւ բժշկեց նրանց։ 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․