Գրքեր

Ավ. ըստ Հովհաննեսի 7:37-8:11

37Մեծ տօնի վերջին օրը Յիսուս կանգնած էր եւ աղաղակում էր՝ ասելով. «Եթէ մէկը ծարաւ է, թող ինձ մօտ գայ եւ խմի։38Ով ինձ հաւատում է, - ինչպէս Գիրքն է ասում, - նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն»։ 39Նա այս ասում էր Հոգու մասին, որին ընդունելու էին իրեն հաւատացողները. քանի որ Հոգին դեռեւս չկար, որովհետեւ Յիսուս դեռ փառաւորուած չէր։ 40Ժողովրդից ոմանք, երբ լսում էին այս խօսքերը, ասում էին՝ սա՛ է ճշմարիտ մարգարէն.41ուրիշներն ասում էին՝ սա՛ է Քրիստոսը. իսկ դեռ ուրիշներ ասում էին՝ միթէ Քրիստոս Գալիլիայի՞ց է գալու. 42չէ՞ որ Գիրքն ասում է, թէ Քրիստոս գալու է Դաւթի սերնդից եւ Բեթղեհէմ գիւղից, որտեղից Դաւիթն էր։ 43Եւ ժողովրդի մէջ նրա պատճառով պառակտում եղաւ։44Եւ նրանցից ոմանք ուզեցին բռնել նրան, բայց ոչ ոք նրա վրայ ձեռք չդրեց։ 45Իսկ սպասաւորները վերադարձան քահանայապետների եւ փարիսեցիների մօտ. եւ սրանք նրանց ասացին. «Ինչո՞ւ նրան այստեղ չբերեցիք»։ 46Սպասաւորները պատասխանեցին ու ասացին. «Ոչ մի մարդ երբեք այնպէս չի խօսել, ինչպէս այն մարդը»։ 47Փարիսեցիները ասացին. «Միթէ դո՞ւք էլ էք մոլորուել։ 48Միթէ իշխանաւորներից կամ փարիսեցիներից որեւէ մէկը հաւատա՞ց նրան, 49բացի այն խաժամուժ ամբոխից, որ օրէնք չգիտէ եւ նզովեալ է»։ 50Նիկոդեմոսը, որ նախապէս գիշերով եկել էր նրա մօտ եւ նրանցից մէկն էր, նրանց ասաց. 51«Միթէ մեր օրէնքը դատապարտո՞ւմ է մարդուն, եթէ նախ նրանից լսած եւ կամ իմացած չլինի, թէ ինչ է գործել նա»։ 52Նրան պատասխանեցին ու ասացին. «Միթէ դո՞ւ էլ Գալիլիայից ես. քննի՛ր ու տե՛ս, որ Գալիլիայից մարգարէ դուրս չի գալիս»։ 
8 Ապա ամէն ոք իր տունը գնաց։ Իսկ Յիսուս գնաց Ձիթենեաց լեռը։2Առաւօտեան նորից տաճար եկաւ. ամբողջ ժողովուրդը գալիս էր նրա մօտ, եւ ինքն ուսուցանում էր նրանց։ 3Օրէնսգէտներն ու փարիսեցիները բերեցին շնութեան մէջ բռնուած մի կին եւ նրան մէջտեղ կանգնեցնելով՝ ասացին Յիսուսին. 4«Յանցանքի մէջ բռնուած այս կինը յայտնապէս շնացել է, 5իսկ Օրէնքում Մովսէսը մեզ պատուիրել է այսպիսիներին քարկոծել. արդ, դու դրա մասին ի՞նչ ես ասում»։ 6Նրանք այս ասում էին՝ նրան փորձելու համար, որպէսզի նրան ամբաստանելու պատճառ ունենան։ Իսկ Յիսուս, ցած նայելով, մատով գետնի վրայ գրում էր։ 7Իսկ երբ նրան ստիպեցին հարցնելով, վեր նայեց ու նրանց ասաց. «Ձեր միջից անմե՛ղը նախ թող քար գցի դրա վրայ»։8Եւ դարձեալ ցած նայելով՝ գետնի վրայ գրում էր։ 9Եւ այս լսելով՝ մէկ առ մէկ ելնում գնում էին՝ տարիքաւորներից մինչեւ փոքրերը։ Եւ Յիսուս միայն մնաց ու կինը՝ կանգնած նրա առաջ։ 10Յիսուս նրան ասաց. «Ո՛վ կին, ո՞ւր են. քեզ ոչ ոք չդատապարտե՞ց»։ 11Եւ սա ասաց՝ ո՛չ, Տէ՛ր։ Եւ Յիսուս ասաց. «Ես էլ քեզ չեմ դատապարտում. գնա՛, այսուհետեւ մի՛ մեղանչիր»։ 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․